«Պատերազմների ու ոճրագործությունների զոհերը չպետք է մնան արդարության լուսանցքում». միջազգային համաժողով Երևանում

Այսօր Երևանում մեկնարկել է Ճշմարտության և արդարադատության կենտրոնի (CFTJ) 5-րդ ամենամյա համաժողովը՝ «Ձայներ՝ ընդդեմ մոռացության․ զանգվածային ոճրագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» խորագրով: Համաժողովի հիմքում ընկած է պարզ սկզբունք․ զոհերը չպետք է մնան արդարադատության վերաբերյալ քննարկումների լուսանցքում։

Այս կարևոր թեմայի շուրջ քննարկումների համար միջազգային համաժողովը մեկ հարթակում է միավորել վերապրածների, զոհերի ներկայացուցիչների, իրավաբանների, հոգեբանների, քաղաքականություն մշակողների, գիտնականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների 17 երկրներից:

«Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում, Սուդանում, Սիրիայում, Իրաքում, Գազայում, Իսրայելում և այլ տարածաշրջաններում ընթացիկ հակամարտությունները շարունակում են նոր զոհերի պատճառ դառնալ, իսկ ավելի վաղ տեղի ունեցած ոճրագործությունները վերապրածները, այդ թվում՝ եզդիները, շարունակում են բախվել բռնության երկարաժամկետ հետևանքներին: Մենք նպատակ ունենք խաղաղության բանակցություններում, աշխարհաքաղաքական պայմանավորվածություններում ու հարաբերությունների կարգավորման գործընթացներում լիարժեք մասնակից դարձնել զոհերին: Սա կնպաստի արդարադատությանն ու պատասխանատվությանը, թույլ չտալով, որ նրանք քաղաքական սակարկությունների առարկա դառնան»,- նշել է համաժողովի նախագահ, «Ճշմարտության և արդարադատության կենտրոնի» տնօրենների խորհրդի անդամ, փաստաբան Գևորգ Վարդանյանը:

Մինչ միջազգային իրավունքն ավելի է ճանաչում զոհերի իրավունքները, նրանցից շատերը շարունակում են մնալ չլսված կամ լինել արդարադատության արդյունավետ գործընթացներից դուրս։ Ուստի, համաժողովը կարևորում է նաև զոհերի իրավունքների պաշտպանությունը, ճանաչումն ու փոխհատուցումը, մեծ տեղ հատկացնելով նաև այդ խնդիրների ու մարտահրավերների քննարկմանը:

Թվային ցուցադրություն

Լրացնելով հիմնական թեման, համաժողովին զուգահեռ գործում է նաև «Փաստագրելով ճշմարտությունը, պահպանելով հիշողությունը» թվային ցուցադրությունը։ Վեց էկրաններին ցուցադրվում են զոհերի, վերապրածների, զանգվածային ոճրագործությունների փաստագրված վկայություններ, վավերագրական տեսանյութեր և տեսողական նյութեր, որոնք հավաքել են Ճշմարտության և արդարադատության կենտրոնի մասնագետները։

Նորարարական VR ցուցադրություն

«Ոչ ոք չի լսում․ Սինջարի մոռացված ձայները» խորագրով նորարարական վիրտուալ իրականության ցուցադրությունն այցելուներին տեղափոխում է Հյուսիսային Իրաք: Այն ներկայացնում է Սինջարի շրջանի Քոչո գյուղում ծավալվող պատմությունը, երիտասարդ եզդի կնոջ վկայությունը, որին առևանգել և սեռական ստրկության են ենթարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները, կոտորածից փրկված նրա եղբոր պատմությունը, ինչպես նաև գյուղի վրա հարձակված ԻՊ զինյալի պատմությունը։

Գրքի շնորհանդես

Համաժողովի մասնակիցներին ներկայացվել է Գուրգեն Պետրոսյանի հեղինակած «Իրավունք առանց պատրանքների։ Հայաստանի անցյալը, բացթողումները և միջազգային իրավունքի իրական հնարավորությունները» գիրքը: Այն շոշափում է, թե ինչպես կարող է Հայաստանը միջազգային իրավունքը վերածել արտաքին քաղաքականության արդյունավետ գործիքի։

Պարգևատրման արարողություն

Համաժողովի ավարտին նախատեսված է արդարադատության և կայուն խաղաղության հասնելու գործում զոհերի ձայնը լսելի դարձնելուն ուղղված նշանակալի ավանդ ունեցող գործիչների պարգևատրման արարողությունը:

Հայաստանից, ԱՄՆ-ից, Նիգերիայից, Քենիայից, Մյանմայից, Իրաքի Քուրդստանի տարածաշրջանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Պաղեստինից, Իսրայելից, Ուկրաինայից, Իսպանիայից, Շվեյցարիայից, Եգիպտոսից, Արգենտիայից մասնակիցները երկու օրերի ընթացքում կքննարկեն երկու հիմնական թեմաներ. Առերեսվելով բռնությանը, ապրելով դրա հետևանքների հետ և Արդարադատությունը, սահմանափակումներն ու ժամանակակից իրողությունները:

Համաժողովը կազամկերպել է Ճշմարտության և արդարադատության կենտրոնը (CFTJ)՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համագործակցությամբ և հիմնված է պարզ, բայց արմատական սկզբունքի վրա․ զոհերը միջազգային իրավունքի սոսկ վկաները չեն, այլ դրա բարոյական հիմքը։

Ճշմարտության և արդարադատության կենտրոնի (CFTJ) մասին

Ճշմարտության և արդարադատության կենտրոնն ԱՄՆ-ում գրանցված շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2020 թ. նոյեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո։ CFTJ-ը միավորում է իրավաբանների, որոնք համակարգում են պատերազմի վերապրածների անմիջական վկայությունների հավաքագրումը՝ ձայնագրվող խորքային հարցազրույցների միջոցով։

 Ճշմարտության և արդարադատության կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment