Mercedes-Benz-ը որոշել է սառեցնել Գերմանիայի տարածքում արտադրության հետագա ներդրումները
Գերմանական Mercedes-Benz ավտոկոնցեռնը որոշել է սառեցնել Գերմանիայի տարածքում արտադրության հետագա ներդրումները։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Ընկերության բարձրագույն ղեկավարությունը նաև չի բացառում երկրում գործող գործարանների փակումը։ Պարբերականի տեղեկություններով՝ նման որոշման պատճառ կարող են լինել արտադրական բարձր ծախսերը, վաճառքի անկումը, ինչպես նաև արտադրական խորհրդի և Եվրոպայի խոշորագույն ոլորտային արհմիության՝ IG Metall-ի հետ բանակցությունների փակուղի մտնելը։
Bild-ի փոխանցմամբ՝ Mercedes-Benz-ի ղեկավարությանը մինչ այժմ չի հաջողվել արհմիությունների հետ համաձայնության գալ աշխատուժի վարձատրության ծախսերի կրճատման շուրջ։
Ավտոկոնցեռնում հաշվարկել են, որ գերմանական գործարաններում մեկ ժամ աշխատանքի արժեքը հինգ անգամ ավելի բարձր է, քան Արևելյան Եվրոպայի ձեռնարկություններում։ Այդ պատճառով ընկերության ղեկավարությունն առաջարկել է ավելացնել աշխատանքային ժամերի քանակը՝ առանց աշխատավարձերի բարձրացման, ինչպես նաև կրճատել պարգևավճարները, արձակուրդային և Սուրբ Ծննդյան հավելավճարները։
Արտադրության հարցերով կառավարման խորհրդի անդամ Միխայել Շիբեն ավելի վաղ զգուշացրել էր, որ ծախսերի կրճատման շուրջ համաձայնության չգալու դեպքում ընկերությունը ստիպված կլինի փակել Գերմանիայում առնվազն երկու գործարան։
Պարբերականի հավելմամբ՝ ղեկավարության այս պահանջներն արդեն առաջացրել են աշխատակիցների բողոքի ակցիաները։