Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Սթիլի հետ։ Նա ներկայացրել է Հայաստանի՝ 2029 թվականին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունն ու այդ նպատակով երկրի պատրաստակամությունը։

Համբարձում Մաթևոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ստորև․

«Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Անթալիայում COP31-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Սայմոն Սթիլի հետ։

Ներկայացրել եմ 2029 թվականին COP34-ը հյուրընկալելու Հայաստանի թեկնածությունն ու պատրաստակամությունը։

Անդրադարձել եմ Երևանում կայացած COP17-ի արդյունքներին և համաժողովի կազմակերպման ու բազմակողմ բանակցությունների վարման ընթացքում ձեռք բերած փորձին ու հաջողություններին։

Ընդգծել եմ, որ COP34-ը հյուրընկալելու մեր նախաձեռնությունը նաև համաշխարհային կլիմայական գործողություններին նպաստելու հնարավորություն է։

Այս համատեքստում կարևորել եմ կլիմայի փոփոխության մեղմման, հարմարվողականության և կլիմայական ֆինանսավորման ուղղությամբ հանձնառությունների իրականացումը՝ առանձնացնելով լեռնային երկրների խոցելիությունն ու հարմարվողականության կարիքները։

Անդրադարձել եմ թեկնածության գործընթացի հետագա քայլերին՝ վերահաստատելով Արևելաեվրոպական խմբի անդամ երկրների և Կոնվենցիայի քարտուղարության հետ բաց ու կառուցողական համագործակցության մեր պատրաստակամությունը»,– «Ֆեյսբուք»-ի իր էջում  գրել է Համբարձում Մաթևոսյանը։

 

Leave a comment