ԵՄ-ում պառակտում է առաջացել ՌԴ-ի հետ բանակցողի ընտրության պատճառով

Եվրամիությունում տարաձայնություններ են առաջացել այն հարցի շուրջ, թե ով պետք է ներկայացնի միավորումը Ռուսաստանի հետ բանակցություններում։ «Politico»-ն, հղում անելով եվրոպացի դիվանագետներին, գրում է, որ ԵՄ երկրները բաժանվել են առնվազն երեք ճամբարի։

Վեճերը սրվել են Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցություններից հետո: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները կասկած է հայտնել, թե եվրոպացիները կարող են միասնական թեկնածություն համաձայնեցնել:

Լրատվամիջոցի տվյալներով՝ երկրների մի մասը հանդես է գալիս Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի օգտին, որին աջակցում են մասնավորապես Իտալիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը և Էստոնիան: Մյուսները հարմար թեկնածու են համարում ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասին՝ ենթադրելով, որ Մոսկվայի նկատմամբ նրա կոշտ դիրքորոշումը խոչընդոտ չէ։

Միևնույն ժամանակ Ֆրանսիան և Գերմանիան մտադիր չեն բանակցություններում Եվրոպան ներկայացնելու բացառիկ իրավունքը տալ Բրյուսելին:

Նշվում է, որ հատկապես սուր տարաձայնություններ է առաջացնում Կալասի թեկնածությունը։

«Դա կատա՞կ է… Հավանաբար նա վատագույն թեկնածուն է, որին կարելի էր ընտրել», – «Politico»-ին ասել է եվրոպացի դիվանագետներից մեկը, որը չի ցանկացել, որ իր անունը հրապարակվի։

Leave a comment