Ի՞նչն է խանգարում, որ Նորին Սրբությունը տեսակապով իր ներկայությունը ապահովի և ժողովը ժողով կոչվի, որտեղ անհրաժեշտ վճիռները կկայացվեն․ Գենադի Մնացականյան

Այսօր՝ փետրվարի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում լրագրողի հարցին ի պատասխան Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը պատասխանեց, որ քանի որ Վեհափառ Հայրապետը չի կարող մասնակցել Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին, այդ պատճառով Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը փոխվում է, այն կհամարվի ո՛չ թե Եպիսկոպոսաց ժողով, այլ Եպիսկոպոսների հավաք։ Սրբազան հայրը դրանց տարբերությունը տեսնում է նրանում, որ հավաքի ժամանակ որոշումներ չպետք է կայացվեն։

Ես հնարավորություն չունեմ Մայր Աթոռից որևէ պատասխանատու հոգևորականի հետ կապվելու և իմ կարծիքը հայտնելու, ուստի այս ձևով ուզում եմ իմ անհամաձայնությունը հայտնել նման որոշմանը։ Ես հասկանում եմ, որ լինելով կարգալույծ հոգևորական, ով անսահման համբերությամբ սպասում է քահանայական կարգի վերականգնմանը, ավելի խելամիտ կլիներ լռել կամ քծնել Կարգապահական հանձնաժողովի ատենապետ Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, սակայն նախ քծնանքի արվեստին ես չեմ տիրապետում, իսկ երկրորդը՝ արդեն իմ նախորդ հոդվածում նշել եմ, որ, իմ կարծիքն այն է, որ Եպիսկոպոսաց ժողովի չեղարկումը կամ հետաձգումը որևէ արդարացի պատճառ չի կարող ունենալ։

Շարունակում եմ մնալ այդ կարծիքին, որովհետև ես վստահ եմ, որ  դա նախանձախնդիր հայ հանրության կողմից կդիտարկվի որպես պարտություն և ավելի կլկտիացնի հակաեկեղեցական շրջանակներին, իսկ Եկեղեցին պարտվելու հատկություն չունի ճշտ այնպես, ինչպես պարտվելու հատկություն չունի Ինքն Աստված։

Մնում եմ այն կարծիքին, որ Եպիսկոպոսաց ժողովը պետք է տեղի ունենա։ Ի՞նչ է նշանակում, եթե Վեհափառը ներկա չէ, ուրեմն ոչ թե ժողով է, այլ հավաք։ Եթե նույնիսկ կա այդպիսի կանոնական արգելք, ապա այս պարագայում պետք է կիրառվի հենց «Հարկ լուծանէ զօրենս» սկզբունքը։ Եվ, վերջապես, գոյություն ունի հանրահայտ «հանցագործությունը օրենք է ծնում» սկզբունքը։ Տեղի է ունեցել հանցագործություն, այսինքն ազգընտիր Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի դեմ շինծու քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նման բան չի եղել երբեք, ուստի դրա պատասխանն էլ պետք է լինի այնպիսի քայլ, որը չի եղել երբեք։

Եթե ֆիզիկապես չի կարող ներկա գտնվել Վեհափառ Հայրապետը, ապա ի՞նչն է խանգարում, որ Նորին Սրբությունը տեսակապով իր ներկայությունը ապահովի և ժողովը ժողով կոչվի, որտեղ անհրաժեշտ վճիռները կկայացվեն։ Մի խոսքով, Վեհափառ Հայրապետը ողջ է, ողջ են սրբազան հայրերը և Եպիսկոպոսաց ժողովի կարգավիճակը փոխելու, այն չեղարկելու կամ հետաձգելու որևէ արդարացի պատճառ չի կարող լինել։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment