Քաղաքականություն
13.11.2026 | 12:51
Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը։ Նրանց հանդիպումը տեղի է ունեցել նախօրեին Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։
Ադրբեջանական կողմի հրապարակման համաձայն՝ փաստաթղթով կողմերը հաստատում են իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին, մասնավորապես, միջազգային ճանաչում ունեցող սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հարգման վերաբերյալ դրույթներին։ Կողմերը նաև ընդգծում են 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի հռչակագրի կարևորությունը և ողջունելով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված հետագա խաղաղ քայլերը՝ Մեծ Բրիտանիան վերահաստատում է իր անփոփոխ աջակցությունը երկու երկրների ջանքերին, որոնք ուղղված են երկկողմ երկխոսության միջոցով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։
Կողմերը եկել են փոխըմբռնման ու համագործակցության մի շարք ոլորտներում (առևտուր, ներդրումներ և տնտեսական աճ նաև կրթություն և նորարարություն), որում առանձնանում է պաշտպանությունն և անվտանգությունը։ Մասնակիցները վերահաստատել են իրենց երկարաժամկետ հանձնառությունը՝ ամրապնդելու պաշտպանական և անվտանգության ոլորտներում համագործակցությունը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը նպաստելու, ինչպես նաև ընդհանուր սպառնալիքները զսպելու, կանխելու և դրանց արձագանքելու իրենց կարողություններն ընդլայնելու նպատակով։ Նրանք պարտավորվել են պահպանել բարձր մակարդակով փոխգործակցությունը և խորացնել համակարգումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։
Կողմերը կզարգացնեն պաշտպանական ոլորտում համագործակցությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կադրերի պատրաստմանը, կարողությունների զարգացմանը և գործողությունների փոխհամաձայնեցվածությանը, ինչպես նաև կուսումնասիրեն պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, այդ թվում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ նախաձեռնությունների իրականացման միջոցով։
Նրանք կամրապնդեն համագործակցությունը անվտանգության ոլորտի առաջնահերթությունների լայն շրջանակում՝ ի պատասխան անվտանգության փոփոխվող մարտահրավերների և սպառնալիքների։ Բացի այդ, կողմերը կամրապնդեն գործընկերությունը իրավապահ ոլորտում և համագործակցությունը սահմանների կառավարման ուղղությամբ, ինչպես նաև դատաիրավական համագործակցությունը՝ օրենքի գերակայության և ինստիտուցիոնալ կայունության ամրապնդման նպատակով։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի