Մարդկանց մի հասցրեք մահվան դուռը. Ժաննա Ալեքսանյանը՝ կալանավայրերում տիրող իրավիճակի մասին

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը մտահոգություն է հայտնել կալանավայրերում պահվող անձանց կյանքի և առողջության պաշտպանության, բուժսպասարկման որակի, ինչպես նաև հիվանդ և հացադուլ հայտարարած կալանավորների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Նա իշխանություններից պահանջել է անհապաղ ազատ արձակել որոշ կալանավորների կամ փոխել նրանց խափանման միջոցները՝ ընդգծելով, որ փակ համակարգերում գտնվող անձանց կյանքի և առողջության պաշտպանության անմիջական պատասխանատվությունը պետությանն է։

«Անհապաղ ազատ արձակեք մարդկանց բանտերից կամ փոխեք նրանց խափանման միջոցները։ Սթափվեք։ Մարդկանց մի հասցրեք մահվան դուռը։ Դուք ամենալավը գիտեք բանտային պայմաններն ու բուժսպասարկման ցածր որակը։

Ես սրան կավելացնեմ նաև կամայական վերաբերմունքը հիվանդ կամ հացադուլ անող կալանավորների, դատապարտյալների նկատմամբ։

Շուրջ երեք տասնամյակ այցելում եմ բանտեր։ Առաջին անգամ Նուբարաշենի բանտում եղել եմ լուսահոգի Ավետիք Իշխանյանի հետ՝ 1998 թվականին։ Այցելել ենք ցմահ դատապարտյալներին։ Հիշում եմ, թե ինչ ծանր ապրումներ ունեցանք։ Մենք հայտնվել էինք դժոխքում։ Մեզ թվում էր՝ այլևս երբեք չենք գա բանտ, բայց շարունակեցինք գնալ տասնամյակներ։

Ու հիմա ես չեմ ասի, թե շատ բան է փոխվել։ Եթե ինչ-որ բան փոխվել է, ապա դա փոխել է ժամանակը։

Հիմա դուք ինչ էլ ասեք, արդարանալու փորձեր անեք, միևնույն է՝ դուք եք պատասխանատուները։ Որքան էլ ասեք, որ մահերն ամենուր են, միևնույն է՝ ձեր պատասխանատվությունը շատ լավ գիտակցում եք։

Պետությունն ունի փակ համակարգերում, անազատության մեջ գտնվող անձանց կյանքի և առողջության պաշտպանության ուղղակի պարտավորություն։

Եվ այս անմարդկային բարքերը, «ձեզ բոլորիդ քցելու եմ ԿԿԲ-ի պադվալները», որ ձևավորել են այս իշխանությունները, մի օր ավարտվելու են, և գալու է ձեր պատասխանատվության ժամանակը։

Ուզում եմ ընդգծել կարևոր մի բան. քրեակատարողական ոլորտի պատասխանատուները կանայք են՝ արդարադատության և առողջապահության նախարարները, մեղադրանքի պատասխանատուն ևս կին է։

Հայաստանն արձանագրեց մի նախադեպ, որով կասկածի տակ դրեց կանանց պաշտոնների նշանակումը։ Հատկապես գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն առանձնացավ դաժանության աննախադեպ օրինակով, երբ կալանքի տակ պահվող Արեգնազ Մանուկյանին թույլ չէին տալիս անգամ հեռախոսազրույց ունենալ անչափահաս երեխայի հետ։

Այնպես որ, կանա՛յք Հայոց աշխարհի, սթափվեք»։

Leave a comment