ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան, Կատարը և Պարսից ծոցի մյուս երկրները խնդրել են իրեն առայժմ ձեռնպահ մնալ Իրանի դեմ լայնածավալ նոր հարձակումներից։ Նա, միաժամանակ, պնդել է, որ երեք օրվա ընթացքում կարող է ոչնչացնել երկրի էներգետիկ ենթակառուցվածքները, կամուրջներն ու արտադրական օբյեկտները, գրում է Al Jazeera-ն։
Սպիտակ տանը Սթիվեն Սմիթին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ կարող էր անմիջապես ավարտել պատերազմը, սակայն տարածաշրջանային դաշնակիցների խնդրանքով շարունակում է տնտեսական և ռազմական ճնշում գործադրել Իրանի վրա։
«Սաուդյան Արաբիան խնդրել է ինձ՝ առայժմ ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա։ Վստահ չեմ, որ համաձայն եմ դրա հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ Կատարը, Քուվեյթը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը նախընտրում են այդ մոտեցումը։
Հարցին՝ արդյո՞ք այդ խնդրանքների բացակայության դեպքում ինքը նոր հարվածներ կհասցներ Իրանին, Թրամփը պատասխանել է. «Այո, կանեի»։
Նա պնդել է, որ ԱՄՆ-ը հիմնականում խուսափել է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին և կամուրջներին հարվածելուց։
«Մեկ օրում նրանց էներգետիկ համակարգը կոչնչանա։ Մեկ օրում նրանց կամուրջները կոչնչացվեն։ Եվ մեկ օրում կվերանա նրանց արտադրական կարողությունը։ Ինձանից ընդամենը երեք օր կպահանջվեր»,- հայտարարել է նա։
Թրամփը նաև ընդունել է, որ պատերազմի հետևանքով բենզինի գների աճը նպաստել է միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության պարտությանը, սակայն պաշտպանել է Իրանի դեմ հարվածներ հասցնելու իր որոշումը։
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ միաժամանակ փորձելով փարատել մտահոգությունները, թե միջանկյալ ընտրություններից հետո ԱՄՆ-ը կարող է սրել Թեհրանի դեմ ռազմական գործողությունները։
«Այս պահին ռազմական գործողություններ իրականացնելն այնքան էլ անհրաժեշտ չի թվում, սակայն մենք լիովին պատրաստ ենք և զինված՝ որևէ պատճառով գործողությունների անցնելու համար»,- Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել էր ԱՄՆ նախագահը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի