Որեւէ բարձրաստիճան պաշտոնյա կամ հիմնարկի ղեկավար չի նստել մեղադրյալի աթոռին. «Հրապարակ»

Անցած տարի՝ 2025 թվականին, երբ արդեն պաշտոնավարում էր Սրբուհի Գալյանը (նա նախարար է նշանակվել 2024 թվականի նոյեմբերին), մեր բերդերում մահացության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ ուղիղ կրկնապատկվեց՝ 12-ից հասնելով 24-ի, որից 8-ը՝ ինքնասպանություն: Այս 24 դիակից գոնե մեկի գործով որեւէ բարձրաստիճան պաշտոնյա կամ հիմնարկի ղեկավար չի նստել մեղադրյալի աթոռին: Ինքնասպանության փորձերի թիվը Գալյանի պաշտոնավարման ընթացքում ավելացել է մոտ 3 անգամ:

2024 թվականին ՔԿՀ-ներում արձանագրվել է ինքնասպանության փորձի 19 դեպք, այդ թվում՝ 5-ը կրկնակի փորձեր են եղել: 2025 թվականին, երբ նախարար էր Գալյանը, այդ թիվը կտրուկ աճել է՝ հասնելով 46-ի: Այս 46 փորձը կատարել է 26 մարդ, ինչը կրկին նշանակում է, որ ոմանք մեկից ավելի փորձ են արել։ Այսինքն, անգամ այս ծայրահեղ միջոցին դիմելուց հետո պետական մարմինը ոչինչ չի արել՝ հաջորդ փորձը կանխելու համար:
Ըստ ՄԻՊ 2025 թվականի տարեկան զեկույցի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի շենքային պայմանները գտնվում են անմխիթար վիճակում՝ տոտալ խոնավություն, պատերի բորբոսնածություն, բնական լուսավորության եւ թթվածնի սուր պակաս, կոյուղու, սանհանգույցների հակասանիտարական վիճակ։ Զեկույցում հատուկ շեշտվում է, որ խցերի գերբնակեցման պատճառով չի պահպանվում չծխող եւ ծխող անձանց առանձին պահելու պահանջը, բուժանձնակազմը պակաս է, բուժօգնությունն ուշանում է, պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություններով տառապողներին խցերում են պահում:

Դեռ 2018 թվականին՝ իշխանության գալուց անմիջապես հետո, Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը խոստանում էին, որ խորհրդային տարիներից մնացած, մարդու արժանապատվությունը նվաստացնող «կլորները»` «Նուբարաշեն» ՔԿՀ-ն, փակվելու են, իսկ ինքը՝ Փաշինյանը, հայտարարում էր. «Մեր նպատակը մարդկանց բանտեր լցնելը չի, սա ցածր նպատակ է»։ Բայց 8 տարի անց ոչ միայն «կլորները» չեն փակվել, այլեւ դարձել են ընդդիմադիրներին կոտրելու գործիք, իսկ նույն Փաշինյանն ԱԺ ամբիոնից արդեն բացահայտ սպառնում է․ «Սաղիդ տանելու եմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը»։

Դատավորները գերադասում են մարդուն ուղարկել «Նուբարաշենի» խոնավ ու ծխով լի խուց՝ հանգիստ սրտով վտանգելով նրա կյանքը, միայն թե չարժանանան Նիկոլ Փաշինյանի զայրույթին ու չհայտնվեն «կաշառակերների» ցուցակում։ Չէ՞ որ վարչապետն ասել է. «Գագիկ Ծառուկյանին ձրի ա՞ արդարացրել», եւ այդ դատավորը դարձել է անխտիր բոլորին, հատկապես` քաղաքականներին կալանք տվող դատավոր, որ պաշտոնից չզրկվի, եւ Արսեն Գեւորգյանին էլ հենց այդ դատավորն է կալանք սահմանել: Կամ՝ երբ վարչապետը ծանր հիվանդության հիմքով ազատ արձակման ենթակա ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին սիմուլյանտ է անվանում, ո՞ր դատավորը կհամարձակվի նրա խափանման միջոցը փոխել, մերժել դատախազի կալանքի միջնորդությունը։
Ու հերթական մահն արձանագրելուց հետո արդարադատության նախարարը դուրս կգա տեսախցիկների առաջ, կհուզվի իր բալիկի համար, իսկ մյուսներին ապակյա հայացքով կասի՝ ոչինչ, ամբողջ աշխարհում այդպես է:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment