Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից կարող է նախադեպ ծառայել այլ պետությունների համար, եւ Մոսկվան, անշուշտ, գիտակցում է այս հանգամանքը. «Ազգ»

ԵԱՏՄ-ն բավականին հետաքրքրական կառույց է: Որոշ առումներով թուրքական եւ սլավոնական երկրների ակումբի է նման: Հայաստանը այդ կազմակերպության անդամ երկրներից միակն է, որ ոչ թյուրքական է, ոչ էլ սլավոնական: ՀԱՊԿ-ի դեպքում էլ նույնն է: Անդամ երկրների մեծամասնությունը կամ թյուրքական է, կամ էլ սլավոնական: Նրանց են միացել Տաջիկստանը, որ թյուրքական պետություն չէ, եւ Հայաստանը, որը նույնպես թյուրքական պետություն չէ:

Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից կարող է նախադեպ ծառայել այլ պետությունների համար, եւ Մոսկվան, անշուշտ, գիտակցում է այս հանգամանքը: Նա նաեւ հասկանում է, որ Կենտրոնական Ասիայում, որի անդամ երկրները` Տաջիկստանը, Ղազախստանն ու Ղրղզստանը դիմակայում են ազդեցության ուժեղ մրցակիրներ Մ. Նահանգների, Չինաստանի եւ Ռուսաստանի կողմից, կարող են օգտագործել այդ նախադեպը եւ կառուցել իրենց անվտանգության կազմակերպությունը կամ էլ ներգրավվել մեկ այլ համակարգում, հատկապես եթե օժանդակություն ստանան Մ. Նահանգներից կամ Չինաստանից հիմքը դնելու համար նման մի կառույցի:

Հետեւաբար, Մոսկվան ամեն ջանք գործադրելու է՝ կանխելու համար ՀԱՊԿ-ի փլուզումը, որովհետեւ դա միայն հեղինակության խնդիր չէ: Հատկանշական է, որ ՀԱՊԿ-ի կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն, անդամակցության դադարեցման մեխանիզմներ իրականում գոյություն ունեն, եւ անդամ պետություններից որեւէ մեկը կարող է վտարվել կառույցից իր պարտականությունները չկատարելու հետեւանքով: Սա անշուշտ Հայաստանին կարող է վերաբերել, քանի որ նրա անդամակցության կարգավիճակը սառեցված է:

Նույնը չի կարելի ասել ԵԱՏՄ-ի մասին, որի կանոնադրությունը նման հոդված չի պարունակում: Բայց չի կարելի բացառել, որ Հայաստանի իշխանությունները այս հարցն էլ ցանկանում են լայն քննարկման առարկա դարձնել Ռուսաստանի հետ հարաբերությունների շրջանակներում: Քանի որ Մոսկվան Հայաստանի հետ իր հարաբերությունները դիտարկում է համապարփակ փաթեթի տեսքով, Հայաստանն էլ իր հերթին կարող է նույն ձեւով վարվել:

ՀԱՊԿ-ի ընդհանուր ժողովը նախատեսված է նոյեմբերին, մինչ ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը կայանալու է դեկտեմբերին: Չի բացառվում, որ Հայաստանը ցանկանում է հստակեցնել հայ-ռուսական հարաբերությունների փաթեթի իր բաժինը՝ նախքան այդ ժողովները:

Սա է պատճառը, հավանաբար, որ Հայաստանը որոշել է աշխատանքային հատուկ խումբ կազմավորել քննարկելու համար Ռուսաստանի երկաթուղու եւ Հայաստանի ատոմակայանի ապագայի վերաբերյալ հարցերը, որոնց շուրջ ներկայիս քննարկումներ են կատարվում տարբեր երկրների (ներառյալ Ռուսաստանի) հետ:

Այս բոլորը ցույց են տալիս, որ Հայաստանը ցանկանում է պարզապես հստակություն մտցնել հայ-ռուսական հարաբերությունների մեջ եւ ոչ թե Ռուսաստանի շահերի դեմ քաղաքական քայլեր ձեռնարկել: Այս մասին բազմիցս առիթ ունեցել եմ անդրադառնալու: Մի անգամ եւս շեշտում եմ, որ Հայաստանը ոչ մի գործնական քայլ չի կատարել Ռուսաստանի տարածաշրջանային շահերի դեմ, բացի գուցե որոշակի կոշտ հռետորաբանություն օգտագործելուց: Մոսկվան կորոշի Հայաստանին պահել իր ծիրում, թե կթողնի, որ հեռանա` հավանաբար պարզ կդառնա ավելի շուտ, քան ակնկալվում է:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment