Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել

Հասարակություն

12.11.2026 | 21:49

Վերջին օրերին համացանցում տարածվող կառուցապատման նախագծի տեսանյութերը որևէ առնչություն չունեն Երևանի քաղաքապետարանի կողմից համաձայնեցված կամ հաստատված նախագծային լուծումների հետ։

Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերին և դրանց վերաբերյալ մեկնաբանություններին։

Ըստ պարզաբանման՝ տեսանյութերում ներկայացված նախագիծը երբևէ չի ներկայացվել Երևանի քաղաքապետարան և չի եղել քննարկման կամ համաձայնեցման առարկա։

«Հետևաբար, տեսանյութերում ներկայացված նախագծային լուծումները որևէ առնչություն չունեն Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված նախագծման թույլտվության շրջանակում համաձայնեցված կամ հաստատված նախագծային լուծումների հետ և չեն կարող ներկայացվել որպես քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած կառուցապատման նախագիծ»,- նշված է հայտարարությունում։

Միաժամանակ, քաղաքապետարանը ներդրումային ծրագրի նախաձեռնողներին հորդորել է հանրայնացվող նյութերը նախապես համաձայնեցնել քաղաքային իշխանությունների հետ՝ բացառելու սահմանված ընթացակարգերը չանցած նախագծերի և պատկերների հրապարակումը։

Leave a comment