Քաղաքականություն
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնի թաղամասերից մեկում, որը գտնվում է Սպիտակ տնից փոքր հեռավորության վրա, հինգ մարդ հրազենային վիրավորում է ստացել։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը՝ նշելով, որ իրավապահներն արձագանքում են մի քանի վայրերում տեղի ունեցած միջադեպերին, գրում է AP-ն։
Ականատեսի խոսքով՝ վիրավորներից առնվազն մեկը գտնվել է մարզասրահում։
Կոլումբիայի շրջանի ոստիկանության վարչության հաղորդմամբ՝ հրաձգության կասկածյալը բարիկադավորվել է առաջին կրակոցների վայրի մերձակայքում։ Իրավապահ մարմինների հատուկ նշանակության SWAT ստորաբաժանումների աշխատակիցներն արձագանքում են մոտակա բնակելի շենքի վերին հարկերից մեկում տեղի ունեցած միջադեպին։
Հրաձգության դեպքերը գրանցվել են Լոգան Սըրքլ թաղամասում՝ Սպիտակ տնից շուրջ 1,6 կմ դեպի հյուսիս։ Ոստիկանությունը բնակիչներին հորդորել է խուսափել 15-րդ փողոցի 1500-րդ թաղամասի հատվածից, որտեղ գտնվում են VIDA ֆիթնես կենտրոնը, Սուրբ Ղուկաս եկեղեցին և բնակելի շենքեր։ Փողոցի մեծ մասը շրջափակվել է։
Ոստիկանության լայնածավալ գործողության ընթացքում շրջակա փողոցները նույնպես փակվել են։
ՀԴԲ-ն հայտարարության մեջ նշել է, որ Վաշինգտոնի գրասենյակն «աջակցում է Կոլումբիայի շրջանի Մետրոպոլիտեն ոստիկանության վարչության և տրանսպորտային ոստիկանության վարչության գործընկերներին»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի