Սերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը

2026 թվականի նոյեմբերի 11-ին Չինաստանի ազգային օպերային թատրոնում կայացած գալա համերգով և մրցանակաբաշխությամբ ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը, որի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Միջազգային նախընտրական փուլերից և Պեկինում անցկացված եզրափակիչ փուլից հետո հայտնի դարձան մրցույթի հաղթողներն ու դափնեկիրները։

Մրցույթը համախմբել էր աշխարհի տարբեր երկրներից ժամանած շնորհալի երիտասարդ երաժիշտների՝ ստեղծելով միջազգային հարթակ՝ մասնագիտական կարողությունները ներկայացնելու, ստեղծագործական փորձի փոխանակման և դասական երաժշտության միջոցով մշակութային երկխոսությունը զարգացնելու համար։ Մրցույթի առանցքում Արամ Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգության հանրահռչակումն էր՝ ամբողջ աշխարհից Չինաստան ժամանած երիտասարդ կատարողների շրջանում։

Մրցույթն այս տարի առանձնացավ լայն աշխարհագրական ընդգրկմամբ։ Հուլիսից սեպտեմբեր անցկացված միջազգային նախընտրական փուլին հաջորդեցին տարածաշրջանային փուլեր Եվրոպայում, Ասիայում, Հայաստանում և Չինաստանի մի շարք շրջաններում։ Մրցույթն անցկացվեց հինգ անվանակարգում՝ դաշնամուր, ջութակ, ալտ, թավջութակ և կամերային անսամբլ։ Մրցույթի մասնակիցների ելույթներին հնարավորություն է տրվել հետևելու նաև առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ։

Մրցույթի չորս հիմնական մասնագիտական անվանակարգերում հաղթող են ճանաչվել Չժաո Յույույը (ալտ), Նիու Չժենհաոն (թավջութակ), Գուո Ֆեննինգը (ջութակ) և Էլենա Բաթայեն (դաշնամուր)։

Եզրափակիչ փուլում մասնակիցները հանդես եկան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Միջազգային բեմում նվագախմբի հետ ելույթ ունենալը երիտասարդ երաժիշտների համար դարձավ արժեքավոր մասնագիտական փորձառություն՝ հնարավորություն ընձեռելով դրսևորելու իրենց կատարողական վարպետությունն ու բացահայտելու ստեղծագործական ներուժը։

Մրցույթի նպատակն է բացահայտել և աջակցել երիտասարդ երաժշտական տաղանդներին, խթանել միջազգային ստեղծագործական համագործակցությունը և արժևորել մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ժառանգությունը, որի երաժշտությունը շարունակում է ոգեշնչել աշխարհի տարբեր սերունդների երաժիշտներին ու ունկնդիրներին։

Չինաստանում Խաչատրյանի անվան մրցույթներն անցկացվում են 2023 թվականից, իսկ Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային առաջին մրցույթը տեղի է ունեցել 2024 թվականին։

Մրցույթին զուգահեռ անցկացվեց նաև «Խաչատրյանի անվան երիտասարդական երաժշտական շաբաթը»՝ ներառելով վարպետության դասեր, կրթական ծրագրեր և համերգներ։

Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթը կազմակերպում են «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը և «JINGSE» միջազգային կրթական տեխնոլոգիական ընկերությունը։

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment