Ֆրանսիացի նախարար․ Հայ գերիների հարցի լուծումը նախապայման է (PAN.am)

Ֆրանսիայի Սենատում քննարկվել են Ադրբեջանում պահվող հայերի ազատ արձակման, արցախցիների վերադարձի իրավունքի և տեղահանվածներին տրամադրվող մարդասիրական աջակցության հարցերը։ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Նիկոլա Ֆորիսյեն հայտարարել է, որ հայ գերիների խնդրի կարգավորումը նախապայման է:

Նախարարն այդ մասին ասել է Մարսելից ընտրված Ֆրանսիայի Սենատի անդամ Մարի-Առլետ Կարլոտիի հարցին պատասխանելիս, հայտնում է Panorama.am-ը:

Սենատոր Կարլոտին հետաքրքրվել է, թե ինչ աջակցություն է Ֆրանսիայի կառավարությունը տրամադրում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին, ինչպես նաև ինչ քայլեր են ձեռնարկվում Բաքվում պահվող հայերի իրավունքների պաշտպանության և նրանց հետագա ճակատագրի հարցերը կարգավորելու ուղղությամբ։

«Այս տարվա փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը դատապարտել է 15 հայերի, որոնցից հինգին՝ ցմահ ազատազրկման։ Մի քանի օր անց Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Amnesty International-ը դատապարտել է արդար դատաքննության երաշխիքների լուրջ խախտումները, իսկ Human Rights Watch-ը՝ բժշկական օգնության հասանելիության և ընտանիքների հետ կապի սահմանափակումները։ Ի՞նչ նախաձեռնությամբ եք հանդես գալիս եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի խաղաղության գործընթացը ներառի գերիների ազատ արձակման և տեղահանվածների ազատ ընտրության, մասնավորապես՝ վերադարձի իրավունքի ապահովման հարցերը», -հարցրել է սենտորը:

Ի պատասխան՝ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում անհրաժեշտ է անդրադառնալ նաև դեռևս չլուծված մարդասիրական խնդիրներին։

«Չլուծված մարդասիրական հարցերը պետք է քննարկվեն երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Մենք ողջունել ենք այս տարվա հունվարի 14-ին չորս գերիների վերադարձը Հայաստան և կոչ ենք անում ազատ արձակել կամայականորեն կալանավորված բոլոր անձանց։ Հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացը Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման հնարավորություն է ստեղծում։ Մենք խրախուսում ենք երկու կողմերին կատարել իրենց ստանձնած պարտավորությունները։ Գերիների հարցի լուծումը նախապայման է»,- ի պատասխան հայտարարել է նախարար Ֆորիսյեն։

Նա նաև ավելացրել է, որ Ֆրանսիան հստակ դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում և ափսոսանք հայտնել տարածաշրջանի հայ բնակչության գրեթե ամբողջական հեռանալու կապակցությամբ։

«Մենք ամենամեծ մարդասիրական աջակցությունն ենք ցուցաբերել տեղահանվածների ընդունման հարցում։ Հատկացվող միջոցները կհարմարեցվեն առկա կարիքներին՝ մարդասիրական և արդյունավետ աջակցություն ապահովելու նպատակով։ Ֆրանսիան կարևորում է Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 17-ին սահմանած ժամանակավոր միջոցների կատարումը։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց բնակության վայրեր, պետք է հնարավորություն ունենան դա անել ազատ և անվտանգ պայմաններում»,-ավելացրել է նախարարը:

ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը: Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման: Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Leave a comment