Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում երեխաների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված օրենսդրական փոփոխությունների քննարկման ընթացքում պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ Ալավերդու կոմբինատի նախկին սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանի՝ երեխաների նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու գործին, ինչպես նաև անչափահասների վաղահաս ամուսնությունների խնդրին։
Քոչարյանը հիշեցրեց, որ շուրջ 20 տարի առաջ Սերոբ Տեր-Պողոսյանի գործի վերաբերյալ մամուլում բազմաթիվ աղմկահարույց հրապարակումներ են եղել։ Նրա խոսքով՝ չնայած այդ դեպքերի մասին տեղեկություններին՝ տարիներ շարունակ բավարար քայլեր չեն ձեռնարկվել նման հանցագործությունները կանխելու համար։
Քոչարյանը մտահոգություն հայտնեց նաև այն կապակցությամբ, որ, իր պնդմամբ, որոշ ծնողներ ոչ միայն չեն ընդդիմացել կատարվածին, այլև համաձայնել են հարցը լուծել փոխհատուցման միջոցով։
Քոչարյանն ընդգծեց, որ նման հանցագործությունների դեմ պայքարը չպետք է սահմանափակվի միայն օրենսդրական արգելքներով։ Նրա խոսքով՝ իրավապահ մարմինները պետք է ակտիվորեն տեղեկություններ հավաքագրեն և սեփական օպերատիվ աշխատանքների միջոցով բացահայտեն ու կանխեն երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները՝ անկախ ծնողների կամ այլ անձանց ներկայացրած բողոքներից։
Քննարկման ընթացքում Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաև ազգային փոքրամասնությունների որոշ համայնքներում անչափահասների վաղահաս ամուսնությունների խնդրին։ Նա նշեց, որ որոշ համայնքներում նման ամուսնությունները պայմանավորված են երկար տարիների ավանդույթներով, իսկ ամուսնությունները հաճախ պաշտոնապես չեն գրանցվում։
Քոչարյանի խոսքով՝ որոշ դեպքերում անչափահասները վաղ տարիքում ամուսնանում և երեխաներ են ունենում, ինչը պետք է հաշվի առնել օրենսդրական փոփոխություններ մշակելիս։
Արձագանքելով Քոչարյանի բարձրացրած հարցերին՝ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշեց, որ երեխայի լավագույն շահերին հակասող ավանդույթները չեն կարող արդարացնել անչափահասների իրավունքների խախտումները։
Փոխնախարարն ընդգծեց, որ առաջարկվող փոփոխություններով երեխաների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ հանցագործություններ կատարած անձինք այլևս չեն կարող քրեական պատասխանատվությունից ազատվել տուժողի հետ հաշտվելու կամ գործուն զղջալու հիմքով։
Մկրտչյանը նաև պարզաբանեց, որ երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների դեպքում ծնողի կողմից բողոք չներկայացնելը չի կարող խոչընդոտել քրեական վարույթի նախաձեռնմանը։
Անդրադառնալով վիճակագրությանը՝ փոխնախարարը հայտնեց, որ 2023 թվականին դատարան է ուղարկվել 37 գործ, իսկ 16-ը կարճվել է։ 2024 թվականին, ըստ նրա ներկայացրած տվյալների, արձանագրվել է 43 դեպք, որոնցից 12-ով վարույթը կարճվել է։
Մկրտչյանը խոստացել է մինչև նախագծի երկրորդ ընթերցումը ներկայացնել նաև առանձին վերլուծություն՝ պարզելու, թե նշված դեպքերից քանիսն են բացահայտվել ոստիկանության ինքնուրույն օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան