2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի

2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվի

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կառավարությունը սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք։

Որոշման ընդունումը բխում է ՀՀ պարենային անվտանգության, Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից։

Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում Սևանա լճում նկատվում է սիգի կայուն կենսազանգված (2019 թ.՝ 2668 տոննա, 2020 թ.՝ 2345 տոննա, 2021 թ.՝ 5348 տոննա, 2022 թ.՝ 4700 տոննա, 2023 թ.՝ 3974 տոննա, 2024 թ.՝ 1293 տոննա, 2025 թվականին՝ 3591,8 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացումը (2020 թ.՝ 300 տոննա, 2021 թ.՝ 300 տոննա, 2022 թ.՝ 600 տոննա, 2023 թ.՝ 600 տոննա, 2024 թ.՝ 679 տոննա, 2025 թ.՝ 1123 տոննա)։ Սակայն վերջին տարիներին սիգի կենսազանգվածի աճի տենդենցը դեռևս չի ապահովում վայրի ձկնատեսակի բնականոն աճն ու օպտիմալ թվաքանակը լճում (համաձայն որոշ գիտական տվյալների՝ մինչև 10000 տոննա ընդհանուր պաշար, արդյունագործական որսը՝ շուրջ 2000 տոննա և ավելի)։

Միջազգային շուկայում բարձր արժեք ունեցող սիգի ձկնկիթի արտահանման հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, ինչպես նաև մարդածին մեծ բացասական ազդեցության ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքի հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք 2027 թ. հունվարի 2-ից՝ վեցամսյա ժամկետով։

Leave a comment