Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու ապաինստիտուցիոնալացումը պահանջում են արմատական փոփոխություններ, սակայն Հայաստանում դեռևս չի հաջողվել ստեղծել այնպիսի ամբողջական մոդել, որը լիարժեքորեն կապահովի մարդու արժանապատիվ կյանքն ու իրավունքները։ Այս մասին «Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն» համաժողովի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը։
Փոխնախարարի խոսքով՝ Առողջապահության նախարարության նախաձեռնած «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի բարեփոխումները կառուցված են բացառապես իրավունքահեն տրամաբանության և միջազգային առաջադեմ պրակտիկայի վրա։ Օրենսդրության նպատակն է ստեղծել նոր հնարավորություններ՝ զարգացնելու համայնքահեն հոգեկան առողջության ծառայությունները։
«Տարիներ շարունակ խոսում ենք ապակենտրոնացման և ապաինստիտուցիոնալացման մասին, բայց պետք է անկեղծ լինենք․ այն վերջնական մոդելը, որն իսկապես մարդակենտրոն կլինի, հաշվի կառնի անձի իրավունքները, շահերն ու կապահովի նրա արժանապատիվ կյանքը համայնքում՝ դեռևս չենք ստացել։ Սա հնարավոր է իրականացնել միայն Առողջապահության և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների սերտ համագործակցությամբ»,- նշեց Խարազյանը։
Փոխնախարարը հատուկ ուշադրություն հրավիրեց վերջին շրջանում հանրային և մեդիա հարթակներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց վերաբերյալ տվյալների անհարկի ու լայն տարածման խնդրին, ինչն էլ ավելի է խորացնում հասարակական խարանն ու բացասական վերաբերմունքը․ «Հոգեկան առողջության մասին խոսելը հեշտ չէ, հատկապես այն պայմաններում, երբ տեսնում ենք հանրության կողմից ձևավորվող խարանն ու հակազդեցությունը։ Շատ արարքներ հասարակության մեջ կատարվում են առանց հոգեկան առողջության խնդրի առկայության, բայց հենց խոսքը վերաբերում է հոգեկան խնդիր ունեցող մարդուն, միանգամից գործում են կարծրատիպերը։ Պետք է լայնածավալ կրթական և լուսաբանման աշխատանքներ տանել հասարակության հետ՝ քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ»։
ԱՆ պաշտոնյան կոչ արեց բոլոր գործընկերներին ու մասնագետներին լինել ավելի համարձակ ու հետևողական՝ շեշտելով, որ նախարարությունը պատրաստակամ է աջակցել ինչպես ինստիտուցիոնալ բարեփոխումներին, այնպես էլ հանրային իրազեկման ծրագրերին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան