«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին

«Սիրտս տխուր է մահու չափ, որովհետև մենք փաստորեն տեսնում ենք, որ մահը՝ լինի բանակում կամ ազատազրկման վայրում, սովորութային նորմ է դառնում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ իր խոսքն այսպես սկսեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նա հիշեցրեց միջազգային փաստաթղթերը՝ ազատազրկման վայրերում գտնվող անձանց նկատմամբ պատշաճ վերաբերմունքի վերաբերյալ՝ շեշտադրելով հատկապես 2015 թվականին ընդունված Մանդելայի կանոնները։

122 հոդվածից բաղկացած փաստաթղթում, ըստ նախկին ՄԻՊ-ի, սահմանվում են բանտարկյալների նկատմամբ վարվեցողության նվազագույն ստանդարտները․ բանտարկյալներին պետք է վերաբերվել՝ հարգելով նրանց անքակտելի արժանապատվությունն ու որպես մարդ նրանց արժեքը։

Այս փաստաթղթում մի քանի հոդված վերաբերում է անազատության մեջ գտնվողների բժշկական միջամտություն ցույց տալուն և նրանց առողջությանը։

Անդրադառնալով կալանավայրում երկու օր առաջ մահացած, «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի դեպքին՝ Լարիսա Ալավերդյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ է սրտի հետ կապված խնդրի մասին հայտնած կալանավորին ոչ թե բժիշկը, այլ բուժակը զննել։

Ալավերդյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ինչպես այն քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը («Նուբարաշեն»), որտեղ պահվել է Արսեն Գևորգյանը, այնպես էլ տվյալ օրվա պատասխանատուներին։

«Մենք տեսնում ենք, որ բողոքի պահից մինչև շտապօգնության պահը գրեթե 1 ժամ է անցել, որը սրտամկանի ինֆարկտի դեպքում շատ է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Հիշեցնենք, Ստեփանավան համայնքի ավագանու ընտրություններին «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Արսեն Գևորգյանը ընտրություններից առաջ ընտրակաշառքի գործով կալանավորվել էր։ Նա մեղադրանքը չէր ընդունել։ Օրեր առաջ քրեակատարողական հիմնարկում նա դժգոհել էր ինքնազգացողությունից, և մինչ շտապօգնությունը կժամաներ, մահացել է։

Արաքս Մամուլյան

Leave a comment