Հայաստանը շատ բան կկորցնի, եթե դուրս գա ՀԱՊԿ-ից. Մատվիենկո

Բաժանորդագրվել

Դաշնության խորհրդի խոսնակը նաև կրկնել է Մոսկվայի դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վերաբերյալ. Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտումը անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետ։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Երևանը շատ բան կկորցնի, եթե որոշի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։

«Սա զուտ տեխնիկական աշխատանք է՝ համաձայն ՀԱՊԿ կանոնադրության։ Երկիրը, որը երկար ժամանակ անդամավճարները չի վճարում, զրկվում է ձայնի իրավունքից։ Այդ ամենը համապատասխանում է ՀԱՊԿ փաստաթղթերին։ Մնացածը Հայաստանի իրավունքն է՝ պահպանել ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը, թե ոչ։ Կարծում եմ, որ եթե հակառակը տեղի ունենա, Հայաստանը շատ բան կկորցնի», – ասել է նա Վիետնամ կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում։

Խոսելով ԵՄ-ին միանալու Հայաստանի ձգտումների մասին՝ Մատվիենկոն նշել է, որ ամբողջ իրավական նորմատիվային բազայի եվրոունիֆիկացիան անհամատեղելի է Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետ։

«Եվ բոլոր առաջնորդներն այդ մասին բացահայտ և անկեղծ խոսում են. որ այդ դեպքում պետք է ընտրություն արվի։ Կցանկանայի նաև, որ դա լինի, իհարկե, հայ ժողովրդի ընտրությունը», – հավելել է նա։

Մոսկվայում նոյեմբերի 11-ին կայացած գագաթնաժողովում ՀԱՊԿ երկրների առաջնորդները որոշել են Հայաստանին զրկել ձայնի իրավունքից և կազմակերպության պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից։ ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը կիրառելու որոշումը հաստատվել է հանդիպման ընթացքում: Կանոնադրության համաձայն՝ Հայաստանը կկարողանա վերականգնել ՀԱՊԿ-ում իր իրավունքները պարտքը լրիվ մարելու դեպքում։

Կազմակերպությունում անդամակցությունը սառեցնելու մասին ավելի վաղ բազմիցս հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դադարեցնելով ՀԱՊԿ բյուջե մուծումներ կատարել`Հայաստանը, սակայն, որևէ ակտիվ գործողություն չի ձեռնարկում կազմակերպությունից դուրս գալու համար։

Leave a comment