Երևանի խցանումների խնդրի լուծման բանալին, վստահ, նախարարի ձեռքում չէ. ՆԳՆ խոսնակը՝ հայտնի տեսանյութի մասին

Երևանի խցանումների խնդրի լուծման բանալին, վստահ, նախարարի ձեռքում չէ. ՆԳՆ խոսնակը՝ հայտնի տեսանյութի մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Նաիրի Սարգսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով երևանյան խցանումների մասին ու հայտնելով, որ այդ խնդրի լուծման բանալին մեկ մարդու՝ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի ձեռքում է:

Նաիրի Սարգսյանը տեսանյութում բացատրել է՝ ինչու է այդպես կարծում ու տվել 3 խորհուրդ, որոնք, ըստ նրա, կթեթևացնեն Երևանի խցանումներն ու հարցի լուծում կդառնան:

Հրապարակմանն արձագանքել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ առանձին-առանձին անդրադառնալով 3 խորհուրդին ու հնչող կարծիքներին:

«Նաիրի Սարգսյանի հրապարակումը մեծ արձագանք է ստացել սոցցանցում։ Այդ իսկ պատճառով հարկ եմ համարում հրապարակային անդրադառնալ պարոն Սարգսյանի բարձրացրած հարցերին։

Նախ Երևանի խցանումների խնդրի լուծման բանալին, վստահ, ՆԳ նախարարի ձեռքում չէ։ Հիմա բացատրեմ՝ ինչու։

1. Հրաչյա Քոչար–Վաղարշյան փողոցների խաչմերուկի վերաբերյալ

Նշված խաչմերուկը տեսանկարահանվում է։ Տեսախցիկների միջոցով արձանագրվում են նաև այն վարորդների իրավախախտումները, որոնք չեն պահպանում Ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի պահանջը։ Հիշեցնեմ՝ համաձայն այդ կետի՝ վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում՝ երթևեկության ուղղությամբ, առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել և խոչընդոտ կստեղծի հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։

Այս պահանջի պահպանման կարևորության մասին ամիսներ շարունակ իրազեկումներ ենք իրականացնում՝

https://mia.gov.am/articles/news/mia-2026-06-24-134500։

Ինչո՞ւ խաչմերուկում պարեկներ չկային։ Որովհետև նրանց ներկայության պայմաններում տեսախցիկների միջոցով հնարավոր չէր լինի արձանագրել նշված իրավախախտումը։

Այո՛, նոյեմբերի 2-ի դրությամբ այս խախտման համար տուգանվել էր ընդամենը 5 վարորդ։ Սակայն նոյեմբերի 12-ի դրությամբ Ոստիկանությունն արդեն կայացրել է նշված իրավախախտման վերաբերյալ 30 որոշում, որոնք արդեն իսկ ուղարկվել են վարորդներին, ևս 300 որոշում մշակման փուլում է, մոտ օրերս դրանք նույնպես կուղարկվեն։

2. Ոստիկանության գվարդիայի ծառայողների կողմից խաչմերուկներում երթևեկության կարգավորում իրականացնելու առաջարկի վերաբերյալ

Նախ՝ ճանապարհային երթևեկության կարգավորումը Ոստիկանության գվարդիայի գործառույթների մեջ չի մտնում։

Ոստիկանության գվարդիան իրականացնում է հասարակական կարգի պահպանություն, ընդ որում՝ ոչ միայն զանգվածային միջոցառումների ընթացքում, այլև ամենօրյա ծառայության շրջանակում։ Բացի այդ, ստորաբաժանման ծառայողները մասնակցում են հանցագործությունների կանխմանն ու բացահայտմանը։

Միայն մինչ օրս Ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են շուրջ 1000 հանցագործություն։

Այնպես որ, նրանք պարզապես չեն «զբոսնում Երևանի կենտրոնում և զբոսայգիներում», ինչպես ներկայացվում է։ Նրանք իրականացնում են օրենքով իրենց վերապահված գործառույթները՝ ուղղված հասարակական կարգի պահպանմանն ու քաղաքացիների անվտանգության ապահովմանը։

3. Ճանապարհատրանսպորտային պատահարներից հետո 15 րոպեի ընթացքում տրանսպորտային միջոցները վթարի վայրից հեռացնելու պահանջի վերաբերյալ

Այս իրավախախտումը պատշաճ արձանագրելու համար Ոստիկանությունը պետք է ունենա հստակ մեխանիզմ, որը հնարավորություն կտա պարզելու, թե կոնկրետ որ պահին է տեղի ունեցել պատահարը, և որքան ժամանակ են վթարված տրանսպորտային միջոցները մնացել ճանապարհի երթևեկելի հատվածում։

Միայն այս տվյալների առկայության դեպքում հնարավոր կլինի օբյեկտիվորեն արձանագրել իրավախախտումը և կիրառել համապատասխան պատասխանատվության միջոցներ։

Այս ուղղությամբ արդեն աշխատում ենք Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերների հետ՝ տեսախցիկներով արձանագրված համապատասխան տվյալները Ոստիկանությանը փոխանցելու մեխանիզմ ձևավորելու նպատակով։

Այդ մեխանիզմի ներդրումից հետո հնարավոր կլինի հստակ արձանագրել նաև այս իրավախախտումները և ապահովել օրենքի պահանջների կատարումը։

Ի դեպ, խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը։ Որոշ դեպքերում մինչև 200 տոկոսանոց աճ ունենք տուգանքների մասով։

Եվ վերջում՝ Երևանի խցանումների խնդիրը բազմագործոն է, և դրա լուծումը չի կարող պայմանավորվել միայն Ոստիկանության գործողություններով։ Ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է երթևեկության անվտանգության ապահովմանն ու իրավախախտումների կանխարգելմանն ուղղված աշխատանքներ։ Սակայն խցանումների համակարգային լուծումը պահանջում է նաև ճանապարհային ենթակառուցվածքների, երթևեկության կազմակերպման, լուսացույցների կառավարման և հանրային տրանսպորտի արդյունավետության ուղղությամբ համալիր քայլեր։ Այս ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակում։

Ուստի կարևոր է ոչ միայն ճիշտ գնահատել յուրաքանչյուր կառույցի պատասխանատվության շրջանակը, այլև խնդրի լուծումը դիտարկել բոլոր պատասխանատու կառույցների համատեղ աշխատանքի համատեքստում»,- գրել է խոսնակը:

Leave a comment