Ռուսական բանակը շարունակում է հարվածներ հասցնել Ուկրաինայի բնակելի, քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքներին։ Խերսոնի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինի տվյալներով՝ մարզի վրա հարձակումների հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Ռուս զինվորականները հարվածներ են հասցրել մարզի բնակավայրերի բնակելի թաղամասերին։ Մասնավորապես, վնասվել են երեք բազմահարկ շենքեր, մեկ առանձնատուն և օժանդակ շինություն, գրում է Current time-ը։
Խերսոնի Կորաբելնի շրջանում ռուսական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժել է 1968 թվականին ծնված մի կին։ Նրա մոտ ախտորոշվել են պայթյունային վնասվածք, ինչպես նաև ձեռքերի և ոտքերի բեկորային վիրավորումներ։
Զապորոժիեի մարզում վիրավորվել է 15 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը։ Նրա խոսքով՝ ստացվել է 331 հաղորդում ենթակառուցվածքային օբյեկտների, բնակելի շենքերի և ավտոմեքենաների վնասման մասին։
Ռովնեի մարզում ռուս զինվորականները հարվածներ են հասցրել էներգետիկ օբյեկտներին և բնակելի թաղամասերին։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Կովալի տվյալներով՝ զոհեր չկան, սակայն Ռովնեի և Սարնիի շրջանների բնակավայրերում էլեկտրամատակարարումն ընդհատվել է։ Մասնավորապես, առանց էլեկտրականության է մնացել Կոստոպոլ քաղաքը։
Կիևի Սոլոմենսկի շրջանում անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել ինը հարկանի բնակելի շենքի երրորդից մինչև վեցերորդ հարկերում։ Կիևի մարզի Բրովարիի շրջանում ավերվել են պահեստային շինություններ։ Բրովարիի քաղաքապետ Իգոր Սապոժկոյի տվյալներով՝ 1972 թվականին ծնված վարորդը գլխի, աչքի, ձեռքի և ազդրի լուրջ վնասվածքներ է ստացել։ Նա գտնվում է հիվանդանոցում՝ միջին ծանրության վիճակում։ Խարկովի մարզում վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս յոթը վիրավորվել են, այդ թվում՝ երկու երեխա։ Այս մասին հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
Ժիտոմիրի մարզում տուժել է մեկ մարդ։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Բունեչկոյի տվյալներով՝ վնասվել են մասնավոր տների տարածքում գտնվող երեք բնակելի տներ և երկու օժանդակ շինություններ, ինչպես նաև էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներ։
Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը առավոտյան հայտնել են, որ գիշերը Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ հարվածներ է հասցրել «Իսկանդեր-Մ»/KN-23/С-400 բալիստիկ հրթիռներով, «Ցիրկոն» հրթիռներով և 123 անօդաչու թռչող սարքերով, այդ թվում՝ 73 ռեակտիվ ԱԹՍ-ներով։
Հաղորդագրության համաձայն՝ «խոցվել կամ ճնշվել» է «Բանդերոլ» տեսակի հինգ ռեակտիվ անօդաչու թռչող սարք ու ևս 89 այլ ԱԹՍ, այդ թվում՝ 51 ռեակտիվ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի