Renault-ն ներկայացրել է վտանգավոր գոտիների համար նախատեսված ինքնավար ցամաքային դրոն

Ֆրանսիական Renault ընկերությունը John Cockerill-ի հետ համատեղ մշակել է Forefront բազմաֆունկցիոնալ ցամաքային դրոնը, որը նախատեսված է բարձր ռիսկայնությամբ և դժվարամատչելի տարածքներում բեռնափոխադրումներ ու տարբեր առաջադրանքներ իրականացնելու համար։

Forefront-ը հեռակառավարվող, առանց վարորդի խցիկի հարթակ է, որն ունի չորս շարժաբեր և կառավարվող անիվ։ Դրանք աշխատում են երկու էլեկտրաշարժիչով՝ ապահովելով բարձր մանևրունակություն և անցանելիություն տարբեր տեղանքներում։

Դրոնի ընթացքի պաշարը կազմում է մոտ 400 կմ, որը հնարավոր է ավելացնել լրացուցիչ գեներատորի տեղադրմամբ։ Հարթակը կարող է տեղափոխել մինչև մեկ տոննա բեռ։

Renault-ի փոխանցմամբ՝ Forefront-ը կարող է կիրառվել քաղաքացիական անվտանգության ապահովման, ինչպես նաև սահմանափակ հասանելիությամբ տարածքներում բեռնափոխադրումների համար, այդ թվում՝ հրդեհների և պայթյունների բարձր ռիսկ ունեցող գոտիներում։

Նախագծի շրջանակում Renault-ը պատասխանատու է եղել շարժական հարթակի կառուցվածքային տարրերի և էլեկտրաշարժիչների մշակման համար, իսկ John Cockerill-ը՝ հեռակառավարման և շահագործման աջակցության համակարգերի ստեղծման։

Leave a comment