Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն իրերն է հավաքում՝ Երևան վերադառնալու համար։ Այս մասին գրում է «Հրապարակը»։
Թերթն Արսենյանի մտերիմներից տեղեկացել է, որ նա հսկայական «օժիտ» է հավաքել, որովհետև պետական գույքը չի օգտագործել, որոշ բաներ Հայաստանից է տարել կամ իր միջոցներով ձեռք բերել։ Ըստ տեղեկությունների՝ նույնիսկ իր թանկարժեք «Բենթլին» է տարել Մոսկվա և հիմա այդ բոլորը պետք է հետ բերի Հայաստան։
Սովորաբար դեսպանի հետկանչն իրականացվում է նորի նշանակմանը զուգահեռ։ 2024թ․ օգոստոսին ՌԴ-ում դեսպան նշանակված Արսենյանի հետկանչի մասին հայտնի էր դարձել դեռ ամիսներ առաջ, սակայն նոր դեսպանի նշանակումն ուշանում է։
«Մենք գրել էինք, որ ՀՀ իշխանությունները որոշել են Մոսկվա գործուղել եվրոպական երկրներում դեսպան աշխատած, 2004-10 թթ․ ՆԱՏՕ-ում ՀՀ ներկայացուցիչ 67-ամյա Սամվել Մկրտչյանին, որն ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է, բայց ռուսական կողմը ձգձգում է նրա ագրեմանը»,- գրում է «Հրապարակը»։
Թերթին նույնիսկ լուրեր են հասել այն մասին, թե հնարավոր է՝ Մկտչյանի նշանակումը ռուսական կողմը չհաստատի։
Հիշեցնենք, որ Գուրգեն Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել 2024-ի օգոստոսի 14-ին։ Այդ պաշտոնում նա փոխարինեց Վաղարշակ Հարությունյանին (ՀՀ նախկին պաշտպանության նախարարին, որը զբաղեցնում էր դեսպանի պաշտոնը 2022 թվականի հունվարից)։ Մինչ այդ Արսենյանը, լինելով պատգամավոր, մի շարք հակառուսական արտահայտություններ և հայտարարություններ է հնչեցրել։ Սակայն դեսպան նշանակվելուց հետո հայտարարել է, որ որպես դիվանագետ այսուհետ սահմանափակ է ներքաղաքական դիրքորոշումն արտահայտելու մեջ, քանի որ դա է պահանջում քաղաքական զսպվածության սկզբունքը։