Լիլիթ Մինասյան. «Փորձելու ենք մեր ռուս եւ մյուս գործընկերներին բացատրել, որ մենք ԵԱՏՄ-ի դեմ ոչինչ չենք անում». «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն է:

– Վերջին օրերին տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ` «Ուժեղ Հայաստան»-ից, ՀԱԿ-ից, «Հայաստան»-ից եւ մյուս ուժերից, Երեւանում իրազեկման աշխատանքներ են իրականացնում` հանրությանը ներկայացնում են, որ այն սահմանադրությունը, որն իշխանությունն է փորձում ընդունել, թելադրված է Իլհամ Ալիեւի կողմից: Իշխանականները հակադարձում են, թե ընդդիմադիրները չեն տեսել, չեն ընթերցել սահմանադրության տեքստը, ուստի չեն կարող գնահատականներ տալ մի բանին, որին ծանոթ չեն։ Ընդդիմությունն իր հերթին ասում է, որ միայն այն հանգամանքը, որ այս սահմանադրությունն Ալիեւի թելադրանքով է գրվել, բավարար է, որպեսզի իրենք այն մերժեն:

– Աշխատանքի բուռն իմիտացիա են ստեղծում` հնարավոր բոլոր ձեւերով: Եթե այդ մարդիկ համոզված են, որ խորհրդարանում ունեն բավարար ձայներ` չեղարկելու սահմանադրական հանրաքվեն, ապա էլ ո՞րն է նման ակցիաներ անելու իմաստը: Ինչո՞ւ են դուրս եկել փողոց եւ ի՞նչ են հայցում ժողովրդից: Եթե իրապես իրենք չեն պատրաստվում հանրաքվեի գնալ, էլ ի՞նչն է խնդիրը: Ի՞նչ նպատակ ունեն` աշխատանքի իմիտացիա ստեղծելուց բացի: «Ուժեղ Հայաստան»-ը հետագայում, ըստ իս, կհասկանա, թե որն է իրենց հիմնական, ամենամեծ սխալը: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա ՀԱԿ-ը ժամանակին պայքարում էր հենց այս սահմանադրության դեմ:

– Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ ՊՆ, ԱԳ նախարարների եւ ԱԽ քարտուղարների նիստը. Հայաստանը չի մասնակցում դրան: Կան տեսակետներ, որ այս ամենը եւս նպաստելու է գազի գնի հնարավոր թանկացմանը:

– Ռուսաստանի հետ հարաբերությունները բավականին բարդ ու լարված են, ՀԱՊԿ-ին վաղուց արդեն արձագանքել ենք, եւ նոր ասելիք չկա այս մասով։ Ինչ վերաբերում է գազի գնի թանկացմանը եւ ԵԱՏՄ-ի հետ ունեցած հարաբերություններին, ապա, բնականաբար, մենք փորձելու ենք մեր ռուս եւ մյուս գործընկերներին բացատրել, որ մենք ԵԱՏՄ-ի դեմ ոչինչ չենք անում, պարզապես ինչ անում ենք, անում ենք ի շահ Հայաստանի Հանրապետության:

– Բայց գազի գնի թանկացումը ռեալ վտանգ է: Ռիսկեր չե՞ք տեսնում այս հարցում:

– Ռիսկեր մենք տեսել ենք 2020 թվականից, 2022 թվականին: Ռիսկի գնահատման չափն է այստեղ հարցը: Խնդիրն այստեղ միայն գազի սակագինը չէ, այլեւ այն սահմանափակումներն են, որոնք կարող են կիրառվել քաղաքական ճնշումներ իրականացնելու համար, որովհետեւ էականորեն որեւէ նպատակակետ` պայմանագրից ելնելով, չկա, կարող են լինել բացառապես քաղաքական ճնշումներ, որոնք, բնականաբար, ձեռնտու են, ինչպես ՌԴ նախագահն էր ասում` ռուսամետ ուժերին:

Հայկ Գևորգյան

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment