Բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը (65 կգ) Հայաստանի առաջին մեդալն է նվաճել Սենեգալի մայրաքաղաք Դակարում ընթացող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում:
Բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը կիսաեզրափակիչում պարտվել է ճապոնացի Կենշին Շակունոյին ու դարձել բրոնզե մեդալակիր:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ակնարկել է մրցավարների կողմից կողմնակալության մասին.
«Խիստ կասկածելի որոշում պատանեկան օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում. Սուրեն Կատվալյանին պարտություն գրանցեցին կիսաեզրափակիչում և մեր բռնցքամարտիկը հայրենիք կվերադառնա բրոնզե մեդալով:
Սուրենը մրցաշարի ֆավորիտ ճապոնացի Կենշին Սակունոյի հետ ամբողջ մենամարտը անցկացրեց բարձր տեմպով՝ առաջին ռաունդում նոկդաունի ենթարկեց մրցակցին, երկրորդ ու երրորդ ռաունդներում ճապոնացուն սեղմել էր ռինգի պարաններին ու անհամեմատ ավելի շատ էր գրոհում, նույնիսկ մենամարտը մեկնաբանող հաղորդավարն էր հաճախակի արձագանքում մեր բռնցքամարտիկի տպավորիչ գործողությունների ժամանակ, բայց մրցավարների կողմից կասկածելի որոշում՝ 2:3»,- նշված է ֆեդերացիայի հայտարարության մեջ:
Նախորդ երկու մենամարտերում Սուրեն Կատվալյանը հաղթել էր Ուզբեկստանի ու Եգիպտոսի ներկայացուցիչներին:
Պատանեկան Օլիմպիական խաղերին Հայաստանը մասնակցում է 5 մարզիկով՝ բռնցքամարտ, լող, աթլետիկա և թաեքվոնդո մարզաձևերում։