ԱՄՆ-ն Ռուսաստանին խնդրել է ներկայացնել Եվրոպայի հետ անվտանգության համաձայնագրի նոր նախագիծ. Axios

ԱՄՆ կառավարությունը Ռուսաստանից խնդրել է ներկայացնել Եվրոպայի հետ անվտանգության ապագա համաձայնագրի նոր նախագիծ. գրել է Axios-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Այն պետք է ներառի միջոցառումներ՝ ուղղված եվրոպական պետությունների և Մոսկվայի միջև լարվածության նվազեցմանը։

Axios-ի աղբյուրներից մեկը նշել է, որ Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցություններին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Վիտկոֆֆն ու Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշներն առաջարկել են Ռուսաստանին մշակել նոր փաստաթուղթ՝ շարադրելով իր անվտանգային մտահոգություններն ու պահանջները։ Առաջարկը պետք է նաև հստակեցնի, թե ինչ «համաչափ քայլեր» է պատրաստ ձեռնարկել Մոսկվան՝ լարվածությունը թուլացնելու և Եվրոպային «չհարձակվելու երաշխիքներ» տրամադրելու համար։

Սպիտակ տան դիրքորոշմանը ծանոթ մեկ այլ աղբյուր նշել է, որ Թրամփի վարչակազմը մտադիր է զուգահեռաբար բանակցություններ վարել եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ։ Այնուամենայնիվ, անվտանգությանն առնչվող ցանկացած պայմանավորվածության իրագործումը կսկսվի միայն այն բանից հետո, երբ ձեռք բերվի համաձայնություն՝ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ։

«[Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկին չի համաձայնի որևէ գործարքի, քանի դեռ պարզ չէ՝ ինչ է լինելու անվտանգության երաշխիքների հարցը։ Պուտինը նույնպես ցանկանում է իմանալ դա։ Ահա թե ինչու է անվտանգության հարցն այդքան կարևոր», — ասել է աղբյուրը։

Աղբյուրը հավելել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ անվտանգության համաձայնագիր չի կնքի առանց Եվրոպայի և Ուկրաինայի աջակցության, և որ Վաշինգտոնը Մոսկվային չի տրամադրի եվրոպական անվտանգությանը վերաբերող որոշումների վրա վետո դնելու իրավունք։

Leave a comment