Պաշտոնական Բաքուն դժգոհություն է հայտնել Երևանի պարսկական Կապույտ մզկիթի համալիրի հանդիսությունների դահլիճը հայ նշանավոր բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով անվանակոչելու կապակցությամբ։
«Իրևանում (խոսքը ՀՀ մայրաքաղաք Երևանի մասին է) գտնվող Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով կոչելը, որն ադրբեջանական ժողովրդի հնագույն պատմամշակութային ժառանգության նմուշներից մեկն է, հուշարձանի պատմամշակութային ինքնությունը խեղաթյուրելու հերթական փորձն է, միջազգային կոնվենցիաներով ամրագրված համամարդկային արժեքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, ինչպես նաև սադրանք՝ ուղղված խաղաղության և փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման ջանքերի դեմ»,- ասվում է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի հայտարարության մեջ։
Նշվում է, թե «Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահում կիսանդրի տեղադրելու նախաձեռնությունը լուրջ հարցեր է առաջացնում հայկական կողմի, մասնավորապես, երկրի քաղաքական ղեկավարության՝ հուշարձանի սկզբնական նշանակության և պատմական պատկանելության նկատմամբ օբյեկտիվ ու անկողմնակալ վերաբերմունքի հետ կապված»։
«Մենք բողոք ենք հայտնում Կապույտ մզկիթի պատմական պատկանելությունը խեղաթյուրելու և ադրբեջանական ժողովրդի մշակութային ու կրոնական ժառանգությունը յուրացնելու փորձերի դեմ։ Կոչ ենք անում իրանական և հայկական կողմերին հարգել պատմական փաստերը և զերծ մնալ կրոնական ու մշակութային հուշարձանները քաղաքական-գաղափարական նպատակներով օգտագործելուց»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարություն է տարածել նաև Կովկասի մահմեդականների վարչությունը․ «Ադրբեջանի մահմեդականների կամքն արտահայտելով՝ հայտարարում ենք, որ վճռականորեն դատապարտում ենք Երևանի պատմական Կապույտ մզկիթում մահմեդական կրոնական ծեսերին անհամատեղելի միջոցառման անցկացումը և հայտնում մեր կտրուկ բողոքը»։
Ասվում է, թե «այս դեպքը վկայում է Ադրբեջանի կրոնական և հոգևոր ժառանգության նկատմամբ ոչ էթիկական և խեղաթյուրող վերաբերմունքի մասին և այն ոչ այլ ինչ է, քան վանդալիզմի ակնհայտ դրսևորում ու սադրանք»։ Միաժամանակ, Հայաստանին հասցեին հնչեցվում են կեղծ մեղադրանքներ ու վիրավորանքներ։
«Այսօր Երևանի Կապույտ մզկիթի սրահներից մեկին հայ բանաստեղծի անունը տալը, ինչպես նաև ապագայում այդ հայի կիսանդրին մահմեդական պաշտամունքի վայրում տեղադրելու մտադրությունը ոչ այլ ինչ են, քան սրբապղծություն․․․ Մենք վճռականորեն դատապարտում ենք մշակութային միջոցառման անվան տակ անցկացված այս շոուն և Հայաստանի կառավարությունից պահանջում կանխել նմանատիպ դեպքերը։ 44-օրյա պատերազմի արդյունքում կապիտուլյացիայի ենթարկված Հայաստանի՝ խաղաղ բանակցություններին հավատարիմ լինելու մասին հռչակած դիրքորոշման ֆոնին նման միջադեպը կասկածի տակ է դնում խաղաղության գործընթացը։ Այն ծառայում է բացառապես ռևանշիստների շահերին»,- ասվում է հայտարարության մեջ։
Հավելենք, որ Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների դահլիճը Եղիշե Չարենցի անունով անվանակոչելու արարողությանը մասնակցել էր նաև աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի փոխնախագահ Համիդ Փուրմոհամմադին՝ հանդիսավորությամբ բացելով դահլիճի անվանակոչման ցուցանակը։ Բացի այդ, նախատեսվում է Կապույտ մզկիթի հանդիսությունների դահլիճում տեղադրել Չարենցի կիսանդրին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի