-Իմ անվտանգությանը վտանգ չի սպառնում, ունեմ իմ պաշտպանը. ամենակարեւորը՝ միշտ անվտանգությունը սպառնում է մարդու խղճին ու հոգուն: Եթե խիղճդ մաքուր է, ոչինչ չի կարող քեզ վտանգ լինել ,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՆԳ նախարարի հայտարարությանը, որ բարձրաստիճան հոգեւորականները իրենց են դիմել՝ հայտնելով, որ իրենց կյանքին վտանգ է սպառնում, այդ է պատճառը, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը հսկողություն է իրականացնում Փաշինյանի օրակարգին միացած ու Վեհափառ հայրապետի հրաժարականը պահանջող բարձրաստիճան հոգեւորականներին:
Հարցին, թե ինչ տրամադրություն ունի Վեհափառ հայրապետը իր նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթից հետո, Նաթան սրբազանը կատակեց. «Որ ասեմ՝ այսօր սեւ ենք հագել, որովհետեւ սգի մեջ ենք, կհավատա՞ք: Բաներ կան, որոնց որ վերաբերում ես ՝ լավ, էդ էլ արեցիք, հետո՞»:
Նաթան սրբազանը, անդրադառնալով Ադրբեջանի հոգեւոր առաջնորդի մեղադրանքներին Հայ եկեղեցու դեմ, ասաց. «Ինքը այլեւս հաղթանակածի դերում է իրեն զգում ու ամեն տեղ հայտարարում է ՝ լինի Վատիկանում, թե միջազգային տարբեր հարթակներում Հայ եկեղեցին համարում է ամենահիմնական ռեւանշիստը եւ այս տարածաշրջանին վտանգ սպառնացող, հիմա էլ խաղաղությանը: Մեզ համար նորություն չէ, միայն ցավ է, որ դրա արձագանքները նույն ձեւով լսում ենք մեր ազն ժողովրդի, զավակների կողմից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: