Հովհաննես (Իվան) Այվազովսկու «Յալթայի ծոցը» նկարն առաջին անգամ կհանվի վաճառքի դեկտեմբերին կայանալիք աճուրդում։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով բրիտանական Sotheby’s աճուրդային տանը։
Լոտի նախնական արժեքը գնահատվում է 600-800 հազար ԱՄՆ դոլար։ Մինչ այժմ լայն հանրությանը չներկայացված այս կտավը աճուրդի կհանվի նյույորքյան մասնավոր A La Vieille Russie պատկերասրահի հավաքածուի մասնակի վաճառքի շրջանակում։
Կտավը վրձնվել է Այվազովսկու կողմից 1896 թվականին։ Ըստ Sotheby’s-ի տվյալների՝ այն Ռուսաստանից դուրս է բերվել մինչև 1917 թվականի հեղափոխությունը կամ դրանից անմիջապես հետո, և արդեն 1920-ականներին հայտնվել Նորվեգիայի մասնավոր հավաքածուներից մեկում։