Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ու պաշտպան Արտյոմ Բանդիկյանը Երևանում անցկացված նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում խոսել են Ազգերի լիգայի խմբային փուլի նախավերջին՝ հինգերորդ տուրում Կիպրոսի ընտրանու դեմ կայանալիք հանդիպման մասին։
«Լավ վերլուծել ենք մրցակցին։ Անհաջող խաղ ենք ունեցել Կիպրոսի դեմ, գիտենք՝ ինչի հաշվին են հաջողել, բայց հուսանք վաղը կկարողանանք փակել նրանց ուժեղ կողմերը։ Այդ ուղղությամբ շատ ենք աշխատել, կփորձենք խնդիրներ ստեղծել նրանց համար»,- ասել է մարզիչը, հայտնում է Factor.am-ը:
Հայաստանի և Կիպրոսի ազգային հավաքականների միջև հանդիպումը կայանալու է նոյեմբերի 12-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Խաղի մեկնարկը նշանակված է ժամը 21:00-ին։
Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում չորս տուրերի ավարտից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Չեռնոգորիայի հավաքականը՝ իր ակտիվում ունենալով 10 միավոր։ Երկրորդ հորիզոնականում Կիպրոսի ընտրանին է՝ 7 միավորով, Հայաստանի հավաքականը հավաքել է 4 միավոր, իսկ Լատվիայի թիմն ունի ընդամենը 1 միավոր։