Սպիտակ համայնքում տարիներ շարունակ մանկապարտեզները ղեկավարել են անձինք, որոնք չեն ունեցել տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ հավաստագիր։ Նրանցից ոմանք այսօր ընդգրկված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ցուցակում։ Մինչդեռ, հավաստագիր չունենալու պատճառով աշխատանքից ազատված մեկ այլ տնօրեն հետագայում հաղթել է չորս մրցույթում, բայց ոչ մի անգամ պաշտոնի չի նշանակվել։
Factor TV-ն ուսումնասիրել է Սպիտակի համայնքապետարանի որոշումները, մանկապարտեզների տնօրենների մրցույթների փաստաթղթերը և Կրթության տեսչական մարմնի արձանագրած խախտումները։ Պարզվել է, որ որոշ մանկապարտեզներում տնօրենների ժամանակավոր նշանակումները տարիներով կրկնվել են, իսկ տեսչական մարմնի՝ այդ խախտումները վերացնելու հանձնարարականները կատարվել են մասնակի։
Ազատվեց տնօրենի պաշտոնից, բայց վեց օր անց կրկին նշանակվեց նույն պաշտոնին
2025 թվականի մայիսի 8-ին Հերմինե Նիկողոսյանն ազատվեց Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրի մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ Սակայն ընդամենը վեց օր անց նա կրկին ստանձնեց մանկապարտեզի ղեկավարի պարտականությունները։ Փոխվել էր միայն պաշտոնի անվանումը։
Մայիսի 12-ին Նիկողոսյանը նշանակվեց մանկապարտեզի դաստիարակի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ մայիսի 14-ին Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի որոշմամբ նրան կրկին հանձնարարվեց կատարել տնօրենի պարտականությունները։
Մինչ այդ՝ մայիսի 7-ին, համայնքի ղեկավարը տնօրենի պարտականությունները ժամանակավորապես հանձնարարել էր Մեծ Պարնու մանկապարտեզի տնօրեն Գոհար Հովհաննիսյանին։ Սակայն մեկ շաբաթ անց այդ որոշումը փոխվեց, և մանկապարտեզի ղեկավարումը կրկին վստահվեց Հերմինե Նիկողոսյանին։
Այս պատմության մեջ ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ Հերմինե Նիկողոսյանը չի ունեցել մանկապարտեզի ղեկավարման իրավունքի պարտադիր հավաստագիր։
Ընդ որում, սա նրա առաջին նշանակումը չէր։
Կաթնաջուր բնակավայրի մանկապարտեզը պետական գրանցում է ստացել 2022 թվականի մայիսի 23-ին, բայց դրանից դեռ 19 օր առաջ Հերմինե Նիկողոսյանն արդեն նշանակվել էր հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով։ Բայց փաստացի նա ղեկավարել է շուրջ մեկուկես տարի և առաջին անգամ այդ պաշտոնից ազատվել միայն 2023 թվականի նոյեմբերին։
Ազատումից ընդամենը 20 օր անց նա կրկին նշանակվել է նույն պաշտոնում։ Հետագայում նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է, իսկ 2024 թվականի սեպտեմբերին Նիկողոսյանն արդեն երրորդ անգամ է նշանակվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Այսպիսով, շուրջ երեք տարի նա պարբերաբար ղեկավարել է Կաթնաջուրի մանկապարտեզը՝ չունենալով համապատասխան հավաստագիր։
Մինչդեռ օրենսդրությամբ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նույնպես պետք է բավարարի տնօրենի պաշտոնի համար սահմանված պահանջները, այդ թվում՝ ունենա ղեկավարման իրավունքի հավաստագիր։
Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ազգանուշ Ֆրանգյանը Factor TV-ի հետ զրույցում պնդեց, որ 2025 թվականի մայիսին Հերմինե Նիկողոսյանը տնօրենի ԺՊ չի նշանակվել, այլ որպես մանկապարտեզի աշխատակից է ժամանակավորապես կատարել տնօրենի պարտականությունները։
«Իրենք ԺՊ չեն նշանակվել։ Իրենք ընդամենը աշխատակից են տվյալ կազմակերպությունում՝ դաստիարակ, ում վրա տնօրենի պարտականություններն են հանձնարարվել ժամանակավոր, մինչև տնօրենի պաշտոնը թափուր կհամալրվի մրցույթով»,- ասաց Ֆրանգյանը։
Նրա խոսքով՝ տնօրենի պարտականությունները կարելի է հանձնարարել ցանկացած աշխատակցի։ Սակայն Կրթության տեսչական մարմինն այլ եզրահանգման է եկել։
2025 թվականին Մարինե Գալստյանի և Լալա Հարությունյանի դիմումների հիման վրա տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել՝ ուսումնասիրելու Սպիտակի մանկապարտեզների տնօրենների նշանակումների օրինականությունը և մրցույթների վերաբերյալ բողոքները։
Հուլիսի 2-ի կարգադրությամբ տեսչական մարմինն արձանագրել է, որ համայնքի ղեկավարը խախտել է օրենսդրության պահանջները ինչպես Հերմինե Նիկողոսյանին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելիս, այնպես էլ նրան դաստիարակի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուց հետո տնօրենի պարտականությունները հանձնարարելիս։
Տեսչական մարմինը համայնքի ղեկավարին հանձնարարել է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը ապահովել Կաթնաջուրի մանկապարտեզի տնօրենի պաշտոնում օրինական նշանակումները։
2026 թվականի օգոստոսին կազմած տեսչականի փաստաթղթերից պարզվում է, որ համայնքապետարանը նույնիսկ այդ ժամանակ չէր տրամադրել տեղեկություն, թե ով է կատարում Կաթնաջուրի մանկապարտեզի տնօրենի պարտականությունները և արդյոք ունի անհրաժեշտ հավաստագիրը։ Factor TV-ն պարզել է, որ խնդիրը չի վերացվել, Հերմինե Նիկողոսյանը շարունակում է ղեկավարել մանկապարտեզն առանց հավաստագրի։
Տասնյակ մրցույթներ են անցկացվել, բայց տնօրեն չի ընտրվում
Կաթնաջուրի մանկապարտեզում տարիներ շարունակ փորձել են մրցույթով տնօրեն նշանակել, սակայն անարդյունք։
Factor TV-ի ուսումնասիրած փաստաթղթերի համաձայն՝ համայնքապետարանը հայտարարել է ընդհանուր առմամբ 12 մրցույթ։ Դրանց մեծ մասը չի կայացել դիմորդների բացակայության պատճառով։ Եղել են նաև այլ պատճառներ։
Օրինակ՝ 2025 թվականի մարտին նախատեսված մրցույթը չեղարկվել է, քանի որ հայտարարությունը չէր հրապարակվել Լոռու մարզպետարանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքերում։
Հաջորդ մրցույթը՝ ապրիլի 15-ին, կայացել է, սակայն միակ մասնակից Մարինե Գալստյանը չի հաղթահարել հարցազրույցի փուլը։ Մեկ այլ մրցույթին դիմած Նարինե Եղիազարյանը ավտովթարի հետևանքով ստացած վնասվածքների պատճառով չի մասնակցել։
Հերթական մրցույթը նախատեսված է անցկացնել 2027 թվականի հունվարի 20-ին։
Մանկապարտեզի ղեկավարի պարտականությունները կատարող Հերմինե Նիկողոսյանն ընդգրկված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Սպիտակի նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ցուցակում՝ 60-րդ հորիզոնականում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նա իր պաշտոնը նշել է որպես Կաթնաջուրի մանկապարտեզի տնօրեն, մինչդեռ համայնքապետարանի որոշումներով նրա պաշտոնը ձևակերպվել է որպես դաստիարակի ժամանակավոր պաշտոնակատար, որին հանձնարարվել է կատարել տնօրենի պարտականությունները։
Նույն ընտրական ցուցակում ընդգրկված են համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն ու նրա որդին՝ Գոռ Նիկողոսյանը։ Կրթության տեսչական մարմնին ներկայացված բողոքներում բարձրացվել էր նաև Հերմինե Նիկողոսյանի և համայնքի ղեկավարի հնարավոր ազգակցական կապի հարցը։
Երկուսն էլ հերքել են այդ պնդումը։
«Ես և համայնքի ղեկավար պարոն Նիկողոսյանը ծնվել ենք նույն բնակավայրում (Կաթնաջուր)։ Մեր բնակավայրի բնակչության մեծ մասը Նիկողոսյան ազգանունն է կրում։ Ես և համայնքի ղեկավարը ունենք նույն ազգանունը, բայց ազգակցական որևէ կապ չունենք»,- տեսչական մարմնին հայտնել է Հերմինե Նիկողոսյանը։
Factor TV-ն փորձեց նրա մեկնաբանությունը ստանալ առանց հավաստագրի տնօրենի պարտականությունները կատարելու վերաբերյալ, սակայն նա հրաժարվեց պատասխանել հարցերին։
«Ձեզ հետ խոսելու ցանկություն չունեմ»,- ասաց Նիկողոսյանը և անջատեց զանգը։
Մեկին ազատել են առանց հավաստագրի, մյուսները շարունակել են ղեկավարել
Կաթնաջուրի դեպքը միակը չէ։
Սպիտակ համայնքի Շիրակամուտի «Արևիկ» մանկապարտեզի նախկին տնօրեն Մարինե Գալստյանը 2024 թվականի հուլիսին ազատվել է պաշտոնից, քանի որ օրենքով սահմանված ժամկետում չէր ստացել մանկապարտեզ ղեկավարելու իրավունքի հավաստագիր։
Գալստյանն այդ մանկապարտեզը ղեկավարել էր շուրջ տասը տարի։
Օրենսդրության համաձայն՝ անորոշ ժամկետով աշխատող տնօրենները մինչև 2024 թվականի հունիսի 1-ը պետք է ստանային համապատասխան հավաստագիր։ Գալստյանը չէր հասցրել կատարել պահանջը, և համայնքի ղեկավարը լուծել էր նրա աշխատանքային պայմանագիրը։
Կրթության տեսչական մարմինը հետագայում այդ ազատումը համարել է օրինական։
Սակայն ուշագրավն այն է, որ դրանից ընդամենը չորս օր անց «Արևիկ» մանկապարտեզի տնօրենի պարտականությունները հանձնարարվել են դաստիարակ Նաիրա Գասպարյանին, որը, ըստ տեսչականի, նույնպես չի ունեցել անհրաժեշտ հավաստագիրն ու աշխատանքային ստաժը։
Այս նշանակումը տեսչական մարմինը գնահատել է որպես օրենսդրության պահանջների խախտում։
Գալստյանը Factor TV-ի հետ զրույցում պնդել է, որ համայնքում հավաստագիր ունենալու պահանջը բոլորի նկատմամբ միանման չի կիրառվել։
Նրա խոսքով՝ աշխատանքից ազատվելուց հետո ինքն էլ է դիմել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելու համար, սակայն մերժվել է, մինչդեռ այլ մանկապարտեզներում առանց հավաստագրի անձինք շարունակել են ղեկավարել հաստատությունները։
Հետագայում Գալստյանը ստացել է անհրաժեշտ հավաստագիրը և վերադարձել մրցույթների։
Չորս հաղթանակ, բայց ոչ մի նշանակում
2025 – 2026 թվականներին Մարինե Գալստյանը մասնակցել է Սպիտակի համայնքի առնվազն հինգ մանկապարտեզների տնօրենների մրցույթների։
Դրանցից չորսում հաղթող է ճանաչվել։ Երկու դեպքում միայն այն բանից հետո, երբ բողոքարկել է մրցույթի արդյունքները։ Բայց ոչ մի դեպքում տնօրեն չի նշանակվել։
2025 թվականի հուլիսի 17-ին Սպիտակի թիվ 3 մանկապարտեզի տնօրենի մրցույթում հանձնաժողովը սկզբում հաղթող էր ճանաչել միայն Վանուհի Միրզոյանին՝ 5 կողմ, 0 դեմ ձայներով։ Մարինե Գալստյանը հաղթող չէր ճանաչվել։ Արդյունքները բողոքարկել էին թե՛ Գալստյանը, թե՛ մրցութային հանձնաժողովի նախագահ Վարդան Հովհաննիսյանը։
Մրցույթի՝ Գալստյանի կողմից Factor TV-ին տրամադրված տեսաձայնագրությունում հանձնաժողովի նախագահը հարց է բարձրացնում, թե ինչպես են անդամները դեմ քվեարկել թեկնածուին, որը, իր խոսքով, ճիշտ էր պատասխանել հինգ հարցերից չորսին։
Բողոքարկումից հետո Գալստյանը նույնպես հաղթող է ճանաչվել։ Սակայն հաջորդ օրը՝ հուլիսի 22-ին, համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը տնօրեն է նշանակել Վանուհի Միրզոյանին, որն արդեն շուրջ վեց ամիս ղեկավարում էր նույն մանկապարտեզը որպես ժամանակավոր պաշտոնակատար։
«Ես բողոքարկեցի, այո՛, բողոքարկումից հետո ինձ ճանաչեցին հաղթող։ Ու ի՞նչ օգուտ հաղթող ճանաչվելու դեպքում, երբ որ իրենք էլ չընտրեցին ինձ»,- Factor TV-ին ասաց Գալստյանը։
Նշենք, որ մրցույթում հաղթող ճանաչված Վանուհի Միրզոյանը նույնպես ընդգրկված է Սպիտակի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակում․ նա երրորդն է։
Factor TV-ի հարցին, թե ինչու է երկու հաղթողներից համայնքի ղեկավարն ընտրել հենց իրեն, Միրզոյանը պատասխանեց․ «Որովհետև ես հարցերին լավ եմ պատասխանել»։
Նա հերքեց, որ նշանակումը կապված է ՔՊ-ի կամ համայնքի ղեկավարի հետ ունեցած կապերի հետ։ Միրզոյանը նաև հայտնեց, որ արձակուրդում է և մասնակցում է ՔՊ-ի նախընտրական քարոզարշավին։
Երբ հետաքրքրվեցինք, թե երբ է դարձել ՔՊ-ի անդամ, նա անջատեց հեռախոսը։
Բողոքարկումից հետո՝ կրկին հաղթող, բայց կրկին առանց պաշտոնի
Նման իրավիճակ է նաև Լեռնավանի մանկապարտեզում։ Այնտեղ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստինե Ավագյանը պաշտոնը ստանձնել էր 2026 թվականի փետրվարի 23-ին։
Տնօրենի մրցույթը կայացել է հոկտեմբերի 13-ին՝ շուրջ յոթուկես ամիս անց։ Մինչդեռ ժամանակավոր պաշտոնավարման սկզբնական ժամկետը վեց ամիս է։
Համայնքապետարանի՝ Factor TV-ին տրամադրած փաստաթղթերում Ավագյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու որոշում չի եղել։ Մրցույթում սկզբում հաղթող է ճանաչվել միայն Քրիստինե Ավագյանը։
Այս դեպքում էլ Մարինե Գալստյանն է բողոքարկել արդյունքները, և հոկտեմբերի 15-ին համայնքի ղեկավարը նրան նույնպես հաղթող է ճանաչել։ Սակայն հոկտեմբերի 16-ին տնօրեն է նշանակվել Քրիստինե Ավագյանը։
Այսպիսով, երկրորդ անգամ Գալստյանը հաղթողի կարգավիճակ է ստացել բողոքարկումից հետո, սակայն համայնքի ղեկավարը կրկին ընտրել է մյուս թեկնածուին։
Քրիստինե Ավագյանը Factor TV-ի հետ զրույցում հերքեց, որ մրցույթն անարդար է անցկացվել։ Նրա խոսքով՝ գործընթացը տեսաձայնագրվել է, և ինքը որևէ խախտում չի նկատել։
Համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ազգանուշ Ֆրանգյանը պարզաբանեց, որ Գալստյանի պատասխաններից մեկը հանձնաժողովը թերի էր գնահատել, իսկ համայնքի ղեկավարը հետագայում այն վերանայել է։
Ֆրանգյանի խոսքով՝ Ավագյանը ճիշտ էր պատասխանել բոլոր հինգ հարցերին և առանց վերապահման հաղթող ճանաչվել։
Սակայն համայնքի ղեկավարի՝ երկու հաղթողներից մեկին ընտրելու որոշման հիմնավորումը տրամադրված բացատրություններից հստակ չի երևում։
Ինչպես 2 մանկապարտեզների ղեկավարները փոխանակեցին աշխատատեղերը
2026 թվականի գարնանը Սպիտակի ևս երկու մանկապարտեզներում ուշագրավ փոփոխություններ են տեղի ունեցել։
Շիրակամուտի «Արևիկ» մանկապարտեզի տնօրեն Նվարդ Սիրունյանը ապրիլի 29-ին սեփական դիմումով ազատվել է պաշտոնից։
Հաջորդ օրվանից նա նշանակվել է Ամալյա Կարապետյանի անվան մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Իսկ այդ մանկապարտեզը մինչ այդ ղեկավարող Նարինե Եղիազարյանը տեղափոխվել է Շիրակամուտի «Արևիկ» մանկապարտեզ՝ նույնպես որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Այսպիսով, երկու ղեկավարները փաստացի փոխանակվել են աշխատատեղերով։
Երկուսն էլ Factor TV-ին տեղափոխությունը բացատրեց բնակության վայրին ավելի մոտ աշխատելու ցանկությամբ։
Հոկտեմբերի 15-ին «Արևիկ» մանկապարտեզի տնօրենի մրցույթին մասնակցել են Նարինե Եղիազարյանն ու Մարինե Գալստյանը։ Երկուսն էլ հաղթող են ճանաչվել՝ ստանալով 5 կողմ, 0 դեմ ձայն։ Համայնքի ղեկավարը տնօրեն է նշանակել Նարինե Եղիազարյանին։
Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 16-ին, Ամալյա Կարապետյանի անվան մանկապարտեզի տնօրենի մրցույթում Մարինե Գալստյանը կրկին հաղթող է ճանաչվել։ Մյուս հաղթողը Նվարդ Սիրունյանն էր։ Այս անգամ էլ համայնքի ղեկավարը տնօրեն է նշանակել արդեն պաշտոնավարող թեկնածուին՝ Նվարդ Սիրունյանին։
Սիրունյանը նույնպես ընդգրկված է ՔՊ-ի ընտրական ցուցակում․ նա 63-րդն է։
Սիրունյանը Factor TV-ին հայտնեց, որ կուսակցության անդամ չէ։ «Ցանկություն եմ հայտնել, ընդգրկվել եմ»,- ասաց Սիրունյանը։
Նրա խոսքով՝ արձակուրդում չէ, քարոզարշավին մասնակցում է միայն հանգստյան օրերին։
Այսպիսով, միայն հոկտեմբերի 15-ին և 16-ին Մարինե Գալստյանը հաղթող է ճանաչվել երկու տարբեր մանկապարտեզների տնօրենի մրցույթներում, սակայն երկու դեպքում էլ պաշտոնը ստացել են մյուս հաղթողները։
Գալստյանը պնդեց, որ մրցութային հանձնաժողովների աշխատանքն ուղղորդվել է, իսկ իր բողոքարկումներից հետո գնահատականների փոփոխությունը դրա վկայությունն է։ Նա, մասնավորապես, կասկածի տակ դրեց համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ազգանուշ Ֆրանգյանի դերակատարությունը։
«Երկուսս էլ հաղթող ենք ճանաչվել, իսկ ի՞նչը հաշվի առան․ հաշվի առա՞ն իմ երկար տարիների աշխատանքը՝ 33 տարիների, և 10 տարվա կառավարման փորձը, թե՞ մասնագիտական կրթությունը տվյալ հաստատությունում»,- ասաց Գալստյանը։
Մրցութային հանձնաժողովների կողմնակալության մասին պնդումները, սակայն, դեռևս հաստատված չեն իրավասու մարմնի եզրահանգմամբ։ 2025 թվականի տեսչական վարույթի շրջանակում հանձնաժողովների անդամները հերքել են ուղղորդված քվեարկության մասին ահազանգերի իսկությունը։ Այդ ուսումնասիրությունը չի ընդգրկել հետագայում՝ 2025 թվականի հուլիսից հետո տեղի ունեցած բոլոր մրցույթները։
Մանկապարտեզի ղեկավար և դպրոցի ուսուցիչ՝ միաժամանակ
Շիրակամուտի «Արևիկ» մանկապարտեզը ղեկավարելուն զուգահեռ Նարինե Եղիազարյանն աշխատել է նաև Սարալանջի Հովհաննես Թումանյանի անվան հիմնական դպրոցում՝ որպես հայոց լեզվի ուսուցիչ։
Նրա խոսքով՝ դպրոցում շաբաթական 11 դասաժամ ունի։
Եղիազարյանը Factor TV-ին հայտնեց, որ «Արևիկ» մանկապարտեզը 2026 թվականի մարտից վերանորոգվում է, և աշխատակիցները գտնվում են պարապուրդում։ Այդ պատճառով ինքը հնարավորություն ունի միաժամանակ աշխատելու նաև դպրոցում։
Միաժամանակ, նրա խոսքով, ամեն օր հետևում է մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին և շարունակում կատարել տնօրենի կազմակերպչական պարտականությունները։
Ազգանուշ Ֆրանգյանը նույնպես պնդեց, որ այս պայմաններում երկու հաստատություններում աշխատելը չի հակասում օրենսդրությանը։
Սակայն Եղիազարյանը մինչ «Արևիկ» տեղափոխվելը՝ 2025 թվականի հոկտեմբերից մինչև 2026 թվականի ապրիլ, ղեկավարել է Ամալյա Կարապետյանի անվան մանկապարտեզը։
Եղիազարյանի խոսքով՝ իր աշխատանքային ժամերի և զբաղվածության վերաբերյալ Սարալանջի դպրոցը հարցում է ստացել Հակակոռուպցիոն կոմիտեից։
Factor TV-ն ևս դիմել է կոմիտե։ Գերատեսչությունից հայտնել են, որ համապատասխան քրեական վարույթների վերաբերյալ պահանջվող տեղեկությունները հրապարակման ենթակա չեն։
Եվս երկու մանկապարտեզ՝ նույնատիպ նշանակումներ
Առանց հավաստագրի ժամանակավոր պաշտոնավարումների դեպքեր են արձանագրվել նաև Շենավանի «Արեգակ» և Ծաղկաբերի «Ծիածան» մանկապարտեզներում։
Շենավանի «Արեգակ» մանկապարտեզում Արփինե Պետրոսյանը 2022 թվականից մի քանի անգամ նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Նրա առաջին պաշտոնավարումը տևել է շուրջ մեկուկես տարի՝ նախատեսված վեց ամսվա փոխարեն։
Հետագայում Պետրոսյանը պաշտոնից ազատվել է, ապա կրկին նշանակվել։ Այս ամենը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա դեռ չուներ մանկապարտեզ ղեկավարելու իրավունքի հավաստագիր։
Ազգանուշ Ֆրանգյանը պնդեց, որ առանց հավաստագրի ժամանակավոր նշանակումներ եղել են միայն մինչև համապատասխան պահանջի կիրառումը։
«Արփինե Պետրոսյանը, երբ օրենքի պահանջը եղավ, ԺՊ-ի պաշտոնից ազատվել է։ Մինչև պահանջը եղել են այդպիսի դեպքեր, բայց պահանջից հետո՝ ոչ»,- ասաց նա։
Մինչդեռ Կրթության տեսչական մարմինը արձանագրել է, որ ինչպես Արփինե Պետրոսյանի, այնպես էլ մանկապարտեզի մեկ այլ ժամանակավոր պաշտոնակատարի՝ Աստղիկ Կարապետյանի նշանակումների ժամանակ խախտվել են օրենսդրության պահանջները։
Հետագայում Պետրոսյանը ստացել է անհրաժեշտ հավաստագիրը և 2025 թվականի մարտին մրցույթով նշանակվել մանկապարտեզի տնօրեն։
Նա ևս ընդգրկված է ՔՊ-ի՝ Սպիտակի ՏԻՄ ընտրությունների ցուցակում՝ 54-րդ հորիզոնականում։
Ծաղկաբերի «Ծիածան» մանկապարտեզում նմանատիպ իրավիճակ է եղել Արմինե Ավագյանի դեպքում։
Նա 2021 թվականից պարբերաբար նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ապա ազատվել և կրկին նշանակվել։ Ավագյանը չի ունեցել անհրաժեշտ հավաստագիրը։
Տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել նաև այն ժամանակ, երբ նրան դաստիարակի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուց հետո հանձնարարվել է կատարել տնօրենի պարտականությունները։
Միաժամանակ, 2022 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի հունիսը մանկապարտեզի տնօրենի պաշտոնի համար հայտարարված 11 մրցույթ չի կայացել դիմորդների բացակայության պատճառով։
Նույն պաշտոնյաները՝ տարբեր մրցութային հանձնաժողովներում
Factor TV-ի ուսումնասիրությամբ պարզվեց, որ տարբեր մանկապարտեզների տնօրենների մրցութային հանձնաժողովներում պարբերաբար ընդգրկվել են նույն պաշտոնյաները։
Դրանց թվում են Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Ազգանուշ Ֆրանգյանը, Լոռու մարզպետարանի աշխատակիցներ Գալուստ Մելիքսեթյանն ու Վարդան Հովհաննիսյանը։
Մրցութային հանձնաժողովների կազմում կրկնվել են նաև մանկավարժների անուններ։
Ֆրանգյանը Factor TV-ին հայտնեց, որ հանձնաժողովների անդամներն ընտրվում են համակարգչային ծրագրով՝ պատահականության սկզբունքով։
Նրա խոսքով՝ համայնքապետարանի ավելի քան 50 աշխատակիցներից միայն չորս-հինգը կարող են ընդգրկվել համապատասխան հանձնաժողովներում, ինչով էլ բացատրվում է նույն անունների հաճախակի կրկնությունը։
Նա հերքեց, որ մրցույթների վրա կողմնակի ազդեցություն է եղել։
Նշենք, որ ՔՊ-ի ցուցակում է ընդգրկված նաև Արևաշողի «Հասմիկ» մանկապարտեզի տնօրեն Էդվինա Խաչատրյանը, սակայն նրա նշանակման գործընթացում խախտումներ չեն հայտնաբերվել։
Տեսչականը խախտումներ է գտել, հանձնարարականները՝ մասամբ կատարված
Կրթության տեսչական մարմինը դեռևս 2025 թվականի հուլիսին Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանին հանձնարարել էր կարգավորել Կաթնաջուրի և Ծաղկաբերի մանկապարտեզների տնօրենների նշանակումները։
Սակայն տեսչական մարմնի՝ Factor TV-ին տրամադրած նոր տեղեկությունների համաձայն՝ հանձնարարականները կատարվել են միայն մասամբ։
Ավելին՝ դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 16-ին տեսչական մարմինը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հայտնել էր, որ Կաթնաջուրի և Ծաղկաբերի վերաբերյալ հանձնարարականները չեն կատարվել, և առաջարկել էր վերահսկողություն սահմանել դրանց կատարման նկատմամբ։
2026 թվականի օգոստոսին տեսչական մարմինը կրկին ուսումնասիրել է համայնքապետարանի տրամադրած տեղեկությունները։
Պարզվել է, որ Կաթնաջուրի և Ծաղկաբերի մանկապարտեզների վերաբերյալ համայնքապետարանը չի հայտնել, թե ովքեր են այդ պահին կատարում տնօրենների պարտականությունները և արդյոք ունեն անհրաժեշտ հավաստագրեր։
Միաժամանակ, Լեռնավանի, Շիրակամուտի «Արևիկ» և Ամալյա Կարապետյանի անվան մանկապարտեզների վերաբերյալ չեն ներկայացվել տնօրենի մրցույթներ հայտարարելու մասին տեղեկություններ։
Տեսչական մարմնի ուսումնասիրությամբ դեռևս 2025 թվականին պարզվել էր նաև, որ Սպիտակ համայնքի չորս մանկապարտեզներ՝ Արևաշողի «Հասմիկ», Շենավանի «Արեգակ», Ծաղկաբերի «Ծիածան» և Սպիտակի թիվ 1 մանկապարտեզները, չեն ունեցել նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնելու լիցենզիաներ։
Համայնքի ղեկավարին հանձնարարվել էր աջակցել դրանց լիցենզավորմանը, սակայն տեսչականի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ գործընթացն ամբողջությամբ ավարտված չէ։ Որպես խոչընդոտ նշվել են շենքերի գրանցման խնդիրները։
2026 թվականի օգոստոսի 24-ին տեսչական մարմինը կրկին դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին՝ առաջարկելով միջոցներ ձեռնարկել և արդյունքների մասին տեղեկացնել իրեն ու դիմումատուին։
Ավելին՝ տեսչական մարմինը Սպիտակի մանկապարտեզների վերաբերյալ իր ունեցած տեղեկություններն ու փաստաթղթերը փոխանցել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին։
Մանկապարտեզների տնօրենների նշանակման գործընթացում հայտնաբերված խախտումների վերաբերյալ Factor TV-ն փորձեց հարցեր ուղղել նաև համայնքի ղեկավար, առաջիկա ընտրություններում ՔՊ-ի ընտրական ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանին, սակայն նա մեր զանգն անպատասխան թողեց։
Եվգենյա Համբարձումյան