Ընդդիմադիր պատգամավորներին և օգնականներին «կհավաքեն», Ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը․ Մամուլը՝ սուրճով

«Փաստ» օրաթերթը գրել է. Վերջին շրջանում հայկական ծանրամարտի մարզահարթակներում սկսել են այնպիսի «բարձունքներ» գրանցվել, որոնցից մարզասերների սիրտը ոչ թե տեղն է ընկնում, այլ՝ կոկորդը։ Մեդալների փոխարեն հավաքականը գնալով ավելի հաճախ հիասթափություն է բերում, իսկ համացանցն ու սպորտային ֆորումներն օր օրի ավելի բարձր են պահանջում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

Ու մինչ շատերը զարմանում են, թե ինչպես կարելի է հասցնել մարզաձևը այսպիսի մռայլ վիճակի, պատասխանը պետք է փնտրել ոչ թե մարզաբազաներում, այլ Ազգային ժողովի կուլիսներում։ Թղթերով՝ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայում՝ սովորական ԱԺ պատգամավոր։ Բայց խորհրդարանական խոհանոցից հասնող խոսակցություններն այլ բան են ասում։ Խմբակցությունը, ինչպես կարգն է, ունի և՛ պաշտոնական ղեկավար, և՛ քարտուղար, բայց, շատերի համոզմամբ, իրական, ստվերային «տանտերը», հրամաններ տվողն ու ողջ մեխանիզմը պտտողը հենց Հարությունյանն է։

Արդյունքում ստացվում է մի զավեշտալի կառավարչական կոլապս։ Մարդն առավոտից երեկո կլանված է իշխանական խմբակցության ստվերային կառավարմամբ, որոշումներով, մտքերի համակարգմամբ ու քաղաքական հաշվարկներով։ Եվ բնական հարց է ծագում՝ իսկ ինչքա՞ն ժամանակով կամ ինչպիսի՞ հոգատարությամբ պետք է նա հասցնի մտածել հայկական ծանրամարտի, մարզիկների, ձողերի ու մրցաշարերի մասին։ Պարզվում է՝ ոչ մի ժամանակով էլ չի հասցնում։ Այսպես կոչված՝ «մեկտեղման» այս փորձը բերել է նրան, որ մեծ քաղաքականության ստվերում ծանրամարտի «շտանգան» մնացել է օդում կախված, իսկ ֆեդերացիան՝ առանց տնտեսվարի հայացքի։

Բայց պատկերն ամբողջական չի լինի, եթե չհիշենք, թե ուր է հասել այս իշխանավորների «ձեռքբերումների» հաշվեկշիռը մեծ սպորտում։ Տարիներ շարունակ հայկական սպորտը ոտքի հանած, զրոյից այն միջազգային բարձունքների հասցրած Գագիկ Ծառուկյանին իշխանությունները ժամանակին կեղծ ու անհիմն մեղադրանքներով թիրախավորեցին, կալանավորեցին, սկսեցին նաև բիզնեսները խլելու «հայտնի գործընթացը»։ Արդյունքում ունենք այսպիսի հակադրություն. մարդը, որը գիտեր սպորտի համը, հոտն ու գինը, այսօր զրկված է բնականոն գործունեությունից, իսկ դիլետանտները՝ մարդիկ, որոնք սպորտից ոչ մի բան չեն հասկանում, իշխանություն վերցնելով՝ իրենց «կպցրին» նաև սպորտային տարբեր ոլորտների ղեկավարումը։ Արդյո՞ւնքը։ Արդյունքն օրեցօր ակնհայտ գահավիժումն է։

Մարդիկ օդից իշխանություն են «կպցրել» ու ինչպես մյուս բոլոր ոլորտները, այնպես էլ պետության կառավարումը իշխանություն վերցնելուց հետո այնպես են կատարյալ ձախողել, որ նրանց գնալուց հետո մի 10 իշխանություն հազիվ թե կարողանա մեր պետությունը խելքի բերել։ Եվ քանի դեռ դիլետանտներն են շարունակում ղեկավարել ոլորտներ, այդ թվում՝ հայկական սպորտը, հայկական ծանրամարտը և ոչ միայն այն, շարունակում է բարձրացնել ոչ թե ոսկե մեդալներ, այլ հանրային զայրույթի ծանրությունը։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպից 11 օր անց իրավապահները որոշել են քրեական վարույթ սկսել։ Սակայն, ինչպես պարզվում է, այս գործընթացի շուրջ արդեն իսկ բավական ուշագրավ հարցեր են առաջանում։

Մասնավորապես՝ ինչո՞ւ դատախազությունը միջադեպից միայն 11 օր անց որոշեց քրեական վարույթ նախաձեռնել, և արդյոք քննությունը հավասարապես վերաբերելո՞ւ է միջադեպի բոլոր մասնակիցներին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում իշխանական պատգամավորները չեն հայտնվելու, թեև հենց ՔՊ-ական պատգամավորների մասնակցությամբ ընդդիմադիրների նկատմամբ բռնության դրվագներն են հանրային ամենամեծ դժգոհության պատճառ դարձել։

Իրականում քրեական վարույթի շրջանակում թիրախում է հայտնվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը։ Իրավապահ համակարգում քննարկվում է միջադեպի ամբողջ պատմությունը, որ հենց Դավթյանի գործողություններից սկսվեց ծեծկռտուքը։

Մասնավորապես, իրավապահների բացատրությամբ՝ Գառնիկ Դավթյանն է մոտեցել և հարձակվել ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանի վրա, ինչից հետո էլ իրավիճակը վերածվել է ծեծկռտուքի։ Այսինքն՝ փորձ կարվի միջադեպի պատասխանատվության հիմնական ծանրությունը տեղափոխել ընդդիմադիր պատգամավորի վրա։

Մինչդեռ կռիվը սկսվեց Տարոն Չախոյանի ելույթից հետո, որը ակնհայտորեն ամեն ինչ անում էր իրավիճակը լարելու համար, ինչը ֆիքսված է ուղիղ եթերում։

Leave a comment