Ընդդիմությունը մեկ մարդու պես չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության և ընդդիմադիր մյուս ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցի նոյեմբերի 12-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ նիստին։

 

Պատճառը «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահն է։

 

Մասնավորապես, արտահերթ նիստի անցկացման ժամանակահատվածում Ստեփանավանի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի կունենա Արսեն Գևորգյանի հոգեհանգստի արարողությունը։ Հիշեցնենք, որ Գևորգյանը նոյեմբերի 10-ին մահացել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Մտերիմների փոխանցմամբ՝ նա մահացել է ինֆարկտից։ Գևորգյանը կալանավորված էր հոկտեմբերի 21-ից։

 

Իսկ ինչի՞ համար է հրավիրվել այս արտահերթ նիստը։

Ինչպես ավելի վաղ գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, Կառավարությունն առաջարկել է նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, ԱԺ արտահերթ նիստ գումարել՝ քննարկելու ԹՐԻՓՓ նախագծի իրականացման համար նախատեսված ընկերության ստեղծմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների փաթեթը։

 

Խոսքը յոթ օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերի մասին է, որոնք վերաբերում են, մասնավորապես, բաժնետիրական ընկերություններին, գնումներին, տնտեսական մրցակցությանը, պետություն-մասնավոր գործընկերությանը և սնանկությանը։

Այսպիսով, իշխանությունը պատրաստվում է ԹՐԻՓՓ նախագծի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթը քննարկել և առաջ տանել այն պայմաններում, երբ ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցի նիստին։ Այսինքն՝ միայն իշխանականների ձայներով կանցկացնեն այդ կարևոր օրենքների փոփոխությունները»։

 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Leave a comment