«Ազատություն» ռ/կ հայկական ծառայություն
Երևանի Կապույտ մզկիթում անցկացված մշակութային միջոցառումը հարուցել է Կովկասի մահմեդականների վարչության դժգոհությունը։ Ադրբեջանական հոգևոր կառույցը տեղի ունեցածը որակել է «վանդալիզմ» և «սադրանք»՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով կանխել նման միջոցառումները։
Խոսքը Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի կազմակերպած միջոցառման մասին է, որի ընթացքում ներկայացվել է պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսի «Շահնամե» էպոսի ամբողջական հայերեն արձակ թարգմանությունը, մզկիթի հանդիսությունների դահլիճն էլ անվանակոչվել է Եղիշե Չարենցի անունով։
Արարողությանը մասնակցել է նաև աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին։
Կովկասի մահմեդականների վարչությունը, սակայն, պնդում է, թե մզկիթում անցկացված միջոցառումն անհամատեղելի է իսլամական կրոնական ավանդույթների հետ։
«Քաղաքակիրթ ժողովուրդները գրքերի շնորհանդեսներ անցկացնում են ոչ թե այլ կրոնի պատկանող պաշտամունքային կառույցներում, այլ իրենց մշակութային հաստատություններում», – ասված է հայտարարությունում, որը տարածել է ադրբեջանական APA գործակալությունը։
Կառույցը նաև բողոքել է դահլիճը հայ բանաստեղծի անունով անվանակոչելու և այնտեղ հետագայում Չարենցի կիսանդրին տեղադրելու ծրագրի դեմ։ Հայտարարության հեղինակները Կապույտ մզկիթն «ադրբեջանական պատմամշակութային ժառանգության մաս են համարում»՝ պնդելով, թե այն «իրանական ներկայացնելը պատմության կեղծում է»։
«Մենք վճռականորեն դատապարտում ենք մշակութային միջոցառման անվան տակ անցկացված այս ներկայացումը և Հայաստանի կառավարությունից պահանջում կանխել նման դեպքերը», – հայտարարել է վարչությունը՝ հավելելով, թե տեղի ունեցածը կասկածի տակ է դնում նաև խաղաղության գործընթացը։
Հայաստանում Իրանի դեսպանությունը, մինչդեռ, դահլիճը Չարենցի անունով անվանակոչելու որոշումը բացատրել է բանաստեղծի՝ իրանական մշակույթի ու գրականության նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրությամբ, ինչպես նաև Կապույտ մզկիթի պահպանման գործում նրա ունեցած ավանդով։
Կապույտ մզկիթը կառուցվել է 1766 թվականին Երևանի Հուսեյն-Ալիի խանի օրոք։ Խորհրդային տարիներին այն փրկվել է քանդումից մի շարք հայ մտավորականների, այդ թվում՝ Եղիշե Չարենցի ջանքերով, և հետագայում ծառայել որպես թանգարան։
Հայաստանի անկախացումից հետո մզկիթը տրամադրվել է իրանական կողմին՝ որպես աղոթավայր։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: