ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է նոր Սահմանադրության շուրջ քննարկումներին, ընդդիմության դիրքորոշմանը, ներքաղաքական զարգացումներին և քաղբանտարկյալների առկայության մասին պնդումներին։
Մեկնաբանելով ընդդիմադիր պատգամավորների այն հայտարարությունները, թե իրենք դեմ են քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հարցին, Սոնա Ղազարյանը տարակուսանք հայտնեց առ այն, որ ընդդիմությունն արդեն իսկ սկսել է «ոչ»-ի քարոզարշավը։
«Էդ դեպքում հարց է առաջանում, թե ինչու են մեկնարկ տվել «ոչ»-ի քարոզարշավին… Արդյոք իրենք վստահ չե՞ն, որ իրենց շարքերում չկան մարդիկ, ովքեր այնուամենայնիվ կարծում են, որ պետք է շանս տալ նոր սահմանադրության տեքստին»,- նշեց պատգամավորը։
Ըստ Ղազարյանի՝ ընդդիմադիր դաշտում միասնականություն չկա. «Ուժեղ Հայաստանում բավականին խառն են, դե յուրե այլ ղեկավար ունեն, պաշտոնական դիրքորոշմամբ հանդես է գալիս մեկ այլը, իրենց դիրքորոշումները միշտ չի, որ նույնական են… Որոշել են նախահարձակ քարոզարշավի մեկնարկ տալ, որովհետև իրենք էլ վստահ չեն, որ իրենց շարքերում չկան մարդիկ, ովքեր կարող են կողմ քվեարկել»:
Պատգամավորը հստակեցրեց, որ խորհրդարանում քվեարկությունը ոչ թե բուն տեքստն ընդունելու, այլ ժողովրդի կարծիքը լսելու մասին է լինելու.
«Ազգային ժողովի պատգամավորը միայն որպես քաղաքացի կարող է իր դիրքորոշումը՝ «այո» կամ «ոչ», հայտնել հանրաքվեի պահին։ Եթե իրենք այնքան վստահ են, որ սահմանադրությունը մերժվելու է, ինչո՞ւ են այսքան վախենում»։
Նա նաև հեգնեց ընդդիմության դիրքորոշման փոփոխությունները՝ այն կապելով վերջին ձերբակալությունների հետ. «Ժողովրդի՝ որոշելու իրավազորությունը զիջել են այն պահին, երբ Սամվել Կարապետյանը ըստ էության կալանքի տակ հայտնվեց»:
Անդրադառնալով ընդդիմադիր ուժերի համախմբմանն ու փողոցային ակցիաներին՝ իշխանական պատգամավորը հայտարարեց, որ նրանք զբաղված են բացառապես մեկ խնդրով։
«Այս մարդիկ խորհրդարանի ներսում և խորհրդարանից դուրս զբաղված են խաղաղությունը խաթարելու գործով»,- ասաց Ղազարյանը։
Նա ընդգծեց, որ նախկինում եղած բոլոր շարժումներն ունեցել են անփառունակ ավարտ. «Երբ որ քաղաքական ուժերը միավորվել են տարբեր փուլերում… դրանք բոլորը ունեցել են մի վերջնակետ՝ դրանք փողոցից մարդիկ պարզապես թողել են և հեռացել են այն արդյունքով, որ քաղաքական ուժերը իրենց հետ անկեղծ չեն եղել»:
Ի պատասխան հարցադրմանը, թե արդյոք Հայաստանում կան քաղբանտարկյալներ՝ Սոնա Ղազարյանը հերքեց այդ պնդումը։
«Մեր իրավապահ համակարգը էս ընթացքում գործեր է բացահայտում, որոնք անմիջական առնչություն ունեն Հայաստանի Հանրապետության անվտանգությանը… Իմ համար խնդիր կլինի, եթե մենք ունենանք քաղբանտարկյալներ»,- հստակեցրեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան