Միլիարդատեր Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանն այսօր ԱԺ-ում ուշագրավ առաջարկ հնչեցրեց։ Ըստ նրա՝ Հայաստանին Վրաստանի օրինակով անհրաժեշտ է նոր օրենք, որով կվերահսկվի օտարերկրյա ֆինանսավորում ունեցող ՀԿ-ների գործունեության թափանցիկությունը։ Այս միտքը հնչեց հանձնաժողովում Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է քաղաքացիներին հնարավորություն տալ իրենց վճարած եկամտային հարկի հաշվին աջակցել հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին և կուսակցություններին։
«Չե՞ք կարծում, որ անհրաժեշտ է ունենալ օտարերկրյա ֆինանսավորում ունեցող ՀԿ-ների ֆինանսական թափանցիկության մասին ՀՀ օրենք։ Նկատի ունեմ այնպես, ինչպես Վրաստանում ներդրվեց։ Տեսաք՝ ինչ բողոքի ալիք բարձրացվեց, օտարերկրյա դեսպանները միջամտեցին Վրաստանի ներքին գործերին, բայց սա ազգային անվտանգության խնդիր է»,- ասաց Հայկ Ֆարմանյանը։
Ընդդիմադիր գործչի հարցն ուղղված էր ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանին։ Որպես բարձրագույն արժեք ժողովրդավարության մասին մշտապես խոսող իշխանության ներկայացուցիչը, պարզվեց, այնքան էլ դեմ չէ նման օրենք ունենալու գաղափարին։
«Օտարերկրյա ֆինանսավորում ունեցող ՀԿ-ների հետ կապված, գուցե, պետք է քննարկել, բայց դա պետք է ոլորտային համապատասխան նախարարության հետ քննարկել»,- արձագանքեց փոխնախարարը։
Հիշեցնենք՝ Ֆարմանյանի մատնանշած վրացական օրենքը սահմանում է, որ երկրում գործող այն ոչ առևտրային կազմակերպություններն ու լրատվամիջոցները, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ստացվում է արտերկրից, պետք է գրանցվեն որպես «օտարերկրյա ազդեցության գործակալներ»։ Թբիլիսին 2024 թվականի գարնանը, չնայած զանգվածային բողոքի ակցիաներին և նախագահի վետոյին, ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։
Չնայած իշխանությունները պնդում էին, որ նպատակը ֆինանսական թափանցիկությունն է, օրենքի քննադատներն այն կոչեցին «ռուսական օրենք»՝ ակնարկելով, որ այն շատ նման է Ռուսաստանում գործող իրավակարգավորմանը, որն օգտագործվում է իշխանությունների քննադատներին և անկախ լրատվամիջոցներին ճնշելու համար։
Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի խոսքով՝ Հայկ Ֆարմանյանի առաջարկությունն ուղղված է միավորումների ազատության դեմ, որը բնորոշ է բռնապետական պետություններին։
«Ավելին, կարող եմ հստակ ասել, որ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միավորումների ազատությունը ենթադրում է ոչ միայն գրանցելը, ոչ միայն հաշվետվողականությունը, այլ նաև ֆինանսական միջոցների ներգրավումը՝ անկախ պետական սահմաններից։ Այնպես որ՝ նման մտածելակերպ ունեցողները, նման առաջարկությամբ հանդես եկողները միավորումների ազատության դեմ են»,- ասաց Արթուր Սաքունցը։
Վրաստանում, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների» դեմ ուղղված օրենքի ընդունումից հետո Թբիլիսին միջազգային հարթակներում խնդիրների բախվեց։ Վենետիկի հանձնաժողովը մտահոգություն հայտնեց, որ օրենսդրական փոփոխությունները չեն համապատասխանում խոսքի ազատության, միավորումների ազատության և անձնական կյանքի պաշտպանության եվրոպական չափանիշներին։ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն էլ Վրաստանի իշխանությունների ընդունած օրենքներն ու ֆինանսավորման սահմանափակումները լուրջ հարված համարեց անկախ քաղաքացիական հասարակությանը։ Վերջնարդյունքը եղավ այն, որ 2024 թվականի հունիսին Եվրոպական խորհուրդը հայտարարեց՝ Վրաստանի իշխանությունների գործողությունների պատճառով ԵՄ անդամակցության գործընթացը կանգ է առել։
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը նշում է՝ «Ուժեղ Հայաստան»-ի նպատակը Հայաստանի ու Եվրոպայի հարաբերությունները խաթարելն է։ Հակոբյանը պատահական չի համարում նաև ԱԺ-ում խմբակցության կողմից ԵՄ ինտեգրման հանձնաժողովի նախագահության ստանձնումը։
«Ինչ վերաբերում է Վրաստանի օրինակին, այն լավագույն օրինակը չէ, իհարկե, և Եվրաիության հետ Վրաստանը լուրջ խնդիրներ ունեցավ այդ օրենսդրության ընդունման հետ կապված, ընդհուպ մինչև ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունների կասեցում և այլն։ Եվ եթե նպատակն այդ ուժի այն է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները խաթարեն, ապա այո՛, կարող են նման հայտարարություններ ու նման առաջարկներ անել»,- ասաց Լուսինե Հակոբյանը։
Քաղհասարակության ներկայացուցիչները կարծում են, որ ֆինանսների փոխնախարար Համլետ Սահակյանի կողմից առաջարկին չհակադարձելը չի տեղավորվում իշխանությունների՝ ժողովրդավարության վերաբերյալ մոտեցումների շրջանակում, ուստի նա պետք է հրաժարական տա։
«Ուղղակի իր հարցով պետք է լուրջ զբաղվի իշխանությունը, եթե իրենք փոխնախարար ունեն, որ լուրջ է ընդունելու նման առաջարկությունները կամ լուրջ դնի քննարկման սեղանին, պետք է հասկանալ՝ ինչքանով է լիազորված իշխանության անունից նման մոտեցում ունենալու այդ մարդը, թե՞ դա իր անձնական մոտեցումն է։ Ըստ այդմ կխոսենք արդեն»,- նշեց Լուսինե Հակոբյանը։
«Ֆինանսների փոխնախարարը պետք է վայրկյան առաջ հրաժարական տա, որովհետև ինքը բացարձակապես չի համապատասխանում իր մտածելակերպով և արժեհամակարգով խորհրդարանական պետության պաշտոնատար անձին, որովհետև չի հասկանում, եթե գտնում է, որ հնարավոր է նման հարց անգամ քննարկել»,- ասաց Արթուր Սաքունցը։
Նշենք, որ արդեն իսկ գործող օրենսդրությամբ՝ ՀԿ-ները, որպես հարկ վճարող կազմակերպություններ, պարտավոր են ՊԵԿ ներկայացնել իրենց հարկային պարտավորություններից բխող հաշվարկներն ու հայտարարագրերը։ «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի 24-րդ հոդվածի համաձայն էլ՝ ՀԿ-ն պարտավոր է տարեկան գործունեության հաշվետվություն հրապարակել, եթե հանրային միջոցները եղել են իր գույքի ստացման աղբյուր։ Հաշվետվությունը հրապարակվում է մինչև հաջորդ տարվա մայիսի 30-ը։ Քաղհասարակության ներկայացուցիչները նշում են՝ այս կարգավորումներն արդեն իսկ ապահովում են անհրաժեշտ թափանցիկությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան