«Ռոսնանո»-ի նախկին թոփ մենեջեր Արթուր Գալստյանը դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման՝ 52 միլիարդ ռուբլու վնասի գործով

Մոսկվայի Գագարինյան շրջանային դատարանը «Ռոսնանո» կառավարող ընկերության երեք նախկին թոփ մենեջերի դատապարտել է հինգից մինչև յոթուկես տարվա ազատազրկման՝ լիազորությունների չարաշահման գործով, որի հետևանքով 52 միլիարդ ռուբլու վնաս է պատճառվել։ Դրա մասին ТАСС-ին հայտնել է փաստաբան Անդրեյ Գրիվցովը։


Նախկին թոփ մենեջեր Արթուր Գալստյանը դատապարտվել է յոթուկես տարվա ազատազրկման, Մարինա Կասենկովան՝ վեցուկես տարվա, Բորիս Պոդոլսկին՝ հինգ տարվա, հայտնել է փաստաբանը։



Դատաքննության ընթացքում գործով անցնող անձինք բազմիցս հայտարարել են քննությանն աջակցելու պատրաստակամության մասին՝ իրենց բարի համբավը վերականգնելու համար։ Դատարանը նաև ամբողջությամբ բավարարել է տուժող կողմի՝ 52 միլիարդ ռուբլու վնասի փոխհատուցման հայցը։

Քննության վարկածով՝ 2017 թվականին գործով անցնող անձինք ֆինանսական պարտավորությունների վերադասակարգման ապօրինի գործողություններ են ձեռնարկել՝ ընկերության տնտեսական գործունեության անբավարար արդյունքները թաքցնելու նպատակով։ Օգտագործելով հաշվետվությունների խեղաթյուրված տվյալները՝ նրանք Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես «Ռոսնանո»-ի միակ բաժնետիրոջ, ոչ հավաստի տեղեկություններ են տրամադրել ընկերության բավարար ֆինանսական վիճակի մասին։

Դա հնարավորություն է տվել խուսափելու նախկինում տրամադրված պետական երաշխիքների հետկանչից և ներգրավելու լրացուցիչ ֆինանսավորում։ Արդյունքում՝ 2022–2024 թվականներին պետությունը ստիպված է եղել ընկերությանը հատկացնել ավելի քան 43 միլիարդ ռուբլի։ Քննության ավարտին վնասի գնահատված չափը հասել է 52 միլիարդ ռուբլու։

Գալստյանին մեղադրանք էր առաջադրվել ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման երկու դրվագով՝ ՌԴ քրեական օրենսգրքի 285-րդ հոդվածի 3-րդ մասով։

Leave a comment