Տիեզերական առեղծված․ աստղագետները նոր բացահայտումներ են արել հսկայական «Կատվի պոչի» մասին
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ «Հաբլ» տիեզերական աստղադիտակի օգնությամբ աստղագետներն ուսումնասիրել են հսկայական տիեզերական գոյացություն, որը ստացել է «Կատվի պոչ» անվանումը, հայտնում է Space.com-ը։
Գոյացությունը գտնվում է Բետա Պիկտորիս աստղային համակարգում, որը Երկրից մոտ 63 լուսատարի հեռավորության վրա է։ Այն այնքան երկար է, որ կարող է շուրջ 500 անգամ շրջապատել Արեգակ-Երկիր համակարգը։
Մեր արեգակնային համակարգի և «Կատվի պոչը» պարունակող համակարգի հիմնական տարբերությունը վերջինիս հարաբերական երիտասարդությունն է: Մինչ մեր արեգակնային համակարգը մոտ 4․6 միլիարդ տարեկան է, Բետա Պիկտորիսը տիեզերական ձագուկ է՝ ընդամենը մի քանի միլիոն տարեկան: Դա նշանակում է, որ այնտեղ դեռևս տեղի են ունենում մոլորակային մարմինների բախումներ, որոնք նման են մեր արեգակնային համակարգի վաղ շրջանին բնորոշ բախումներին, նշվում է հոդվածում։
Աստղագետները 14 տարվա դիտարկումների տվյալների շնորհիվ նոր տեղեկություններ են ստացել գոյացության առաջացման պայմանների մասին։
Հետազոտության ղեկավար, Արիզոնայի համալսարանի գիտնական Արին Ավսարի խոսքով՝ «Կատվի պոչը», ենթադրաբար, առաջացել է Պլուտոնի չափի խոշոր մարմինների բախումից։
Գիտնականները նաև պարզել են, որ գոյացությունը կազմված է հիմնականում ածխածնային հիմքով նյութից։ Դրա մասնիկները կլանում են տեսանելի լույսը, ինչն էլ կարող է բացատրել, թե ինչու նախկինում այն չէր դիտարկվել տեսանելի լույսի տիրույթում։
Հետազոտությունը ցույց է տվել նաև, որ գոյացության մասնիկները պարունակում են բազմաթիվ մանր անցքեր։
Հետազոտողները նաև հայտնաբերել են «պոչի» մինչ այժմ անհայտ կորություն, որը, ենթադրաբար, առաջացել է աստղային համակարգի հսկա մոլորակներից մեկի՝ «Բետա Պիկտորիս b»-ի ձգողական ազդեցության հետևանքով։