Tesla-ն պաշտոնական պահանջ է ներկայացրել չինական D1EV լրատվամիջոցին՝ դադարեցնելու FSD ավտոպիլոտի համակարգի չարտոնված փորձարկումներն ու տարածումը։ Լրատվամիջոցի ղեկավարնը հրաժարվել է կատարել պահանջները՝ պատասխանելով՝ կհանդիպենք դատարանում։
Հակամարտությունը ծագել է Չանշա քաղաքում անցկացված «խելացի վարման մրցույթի» շուրջ։ D1EV-ն միջոցառման ընթացքում օգտագործել է Tesla Model Y ավտոմեքենա, որի վրա ոչ պաշտոնական եղանակով ակտիվացվել էր FSD V14.2.2 ավտոպիլոտի համակարգը։
Իրավաբանական նամակում Tesla-ն պնդում է, որ ավտոմեքենան ենթարկվել է համակարգի կոտրման, իսկ ավտոպիլոտն ակտիվացվել է առանց թույլտվության՝ տարածաշրջանային սահմանափակումները շրջանցելու նպատակով։ Ընկերության կարծիքով՝ դա հնարավորություն է տալիս օգտագործել Չինաստանում պաշտոնապես չարտոնված գործառույթները, իսկ փորձարկումների հրապարակային հեռարձակումը խախտում է կարգավորող մարմինների պահանջները։
Tesla-ն D1EV-ից պահանջել է անհապաղ դադարեցնել համակարգի կոտրումն ու փորձարկումները, հեռացնել բոլոր տեսանյութերն ու հրապարակումները, ինչպես նաև 48 ժամվա ընթացքում տրամադրել ներգրավված ավտոմեքենաների VIN նույնականացման համարները և վերականգնել դրանց գործարանային կարգավորումները։
Բացի այդ, ընկերությունը պահանջում է գրավոր պարտավորություն, որ լրատվամիջոցն այլևս չի զբաղվի Tesla-ի համակարգերի հակադարձ ինժեներիայով և դրանց չարտոնված հասանելիությամբ։ Հակառակ դեպքում Tesla-ն սպառնում է դիմել քրեական հետապնդման միջոցների։
D1EV-ի գլխավոր տնօրեն Պան Իչենը հրապարակայնորեն մերժել է ներկայացված պահանջները։ Նա հայտարարել է, որ լրատվամիջոցի գործողություններն անօրինական չի համարում՝ ներկայացնելով երեք փաստարկ։
Նրա խոսքով՝ լրատվամիջոցը բազմիցս դիմել է ընկերությանը՝ փորձնական տարբերակներին պաշտոնական հասանելիություն ստանալու համար, որպեսզի սպառողներին ներկայացնի օբյեկտիվ գնահատականներ։ Բացի այդ, նա հույս ունի, որ այս նախաձեռնությունը կստիպի կարգավորող մարմիններին արագացնել Չինաստանում FSD V14 համակարգի պաշտոնական հաստատման գործընթացը։ Վերջապես, փորձարկումների նկատմամբ հետաքրքրությունը պայմանավորված է ավտոսիրողների ցանկությամբ՝ տեսնելու, թե ինչպես է ծրագրային ապահովումն իրեն դրսևորում չինական բարդ ճանապարհներին։
«Եթե ձեր իրավաբանական բաժինը անհրաժեշտ է համարում համապատասխան քայլեր ձեռնարկել, խնդրեմ։ Մենք ոչինչ չենք հեռացնի», – հայտարարել է Պանը։
Իրավիճակն անհիմն չէ։ FSD V14-ը դեռևս Չինաստանում առևտրային շահագործման ամբողջական թույլտվություն չի ստացել։ Մինչդեռ Tesla-ի բազմաթիվ սեփականատերեր այս գործառույթի համար վճարել են 64 հազար յուան (9.6 հազար դոլար), սակայն չեն կարողանում օգտվել դրա ամբողջական հնարավորություններից։
Սա հանգեցրել է, այսպես կոչված, «մոխրագույն շուկայի» ձևավորմանը․ երրորդ կողմի գործիքները, որոնց արժեքը կազմում է մի քանի հարյուր յուան (մինչև 140 դոլար), հնարավորություն են տալիս ակտիվացնել սահմանափակված գործառույթները։
Նման դեպքեր արձանագրվում են նաև այլ երկրներում։ Այս տարի Հարավային Կորեայում Tesla-ի ավելի քան 80 սեփականատերերի նկատմամբ ստուգումներ են սկսվել՝ արտաքին սարքերի միջոցով FSD համակարգն ակտիվացնելու համար։ Նրանց սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում կամ շուրջ 100 հազար յուան (14.9 հազար դոլար) տուգանք։
Tesla China-ն առայժմ լրացուցիչ մեկնաբանություններ չի ներկայացրել այս գործի վերաբերյալ։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։