Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները նոյեմբերի 12-ին կմեկնեն Մոսկվա՝ հանդիպելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դրանից հետո նրանք բանակցություններ կանցկացնեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ ՌԲԿ Ուկրաինայի հաղորդմամբ՝ այս մասին Քուշները հայտնել է Աբու Դաբիում կայացած բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Վաղը ես և Ուիթքոֆը կմեկնենք Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպելու, քննարկելու այսօր բարձրացված հարցերը և փորձելու հասնել հետագա առաջընթացի։ Մենք որոշակի հնարավորություններ և հեռանկարներ ենք տեսնում»,- ասել է Քուշները։

Ուկրաինայի բանակցային պատվիրակության անդամ Դավիդ Արախամիան էլ հայտնել է, որ Ուիթքոֆը և Քուշները Մոսկվա այցից հետո Դուբլինում կհանդիպեն Զելենսկիի հետ, դրանից հետո անհրաժեշտ կլինի նշանակել բանակցությունների հաջորդ փուլի օրը։

«Մենք լավ նախադրյալներ ունենք՝ մինչև Նոր տարի լուծում գտնելու համար»,- հավելել է նա։

Աբու Դաբիում բանակցությունների երկրորդ օրվա արդյունքներն ամփոփելով՝ Քուշները նաև ասել է, որ հանդիպումները շատ արդյունավետ են եղել։ Դրանց ընթացքում քննարկվել են նաև «բարդ հարցեր»։ Ամենաբարդը նա համարել է տարածքային հարցը։ Քուշների խոսքով՝ Աբու Դաբիում զուգահեռաբար անցկացված հանդիպումները Եվրոպայի ներկայացուցիչների հետ նույնպես արդյունավետ են եղել, և Եվրոպան պետք է ներկա լինի բանակցությունների սեղանի շուրջ։

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 11-ին, Աբու Դաբիում տեղի է ունեցել Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ օրը։

Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ բանակցությունների առաջին օրվա հիմնական թեմաներն էին անվտանգության ապագա ճարտարապետությունն ու Եվրոպայի, Ուկրաինայի և Ռուսաստանի անվտանգության երաշխիքները։ Քննարկվել է նաև ռազմագերիների լայնածավալ փոխանակման հնարավորությունը։

Հանդիպումից հետո Ռուսաստանի պատվիրակությունը հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցությունների կենտրոնական թեման եղել է եվրոպական անվտանգության համակարգը։ Որոշ հարցերի շուրջ կողմերին հաջողվել է փոխըմբռնման հասնել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment