Առաջիկա շաբաթներին տեղի կունենա ռազմագերիների ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ ռուս գեներալ

Քաղաքականություն

11.11.2026 | 18:27

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակումը կարող է տեղի ունենալ առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի տեղեկատվության վարչության պետի առաջին տեղակալ Ալեքսանդր Զորինը, որը մասնակցել է Աբու Դաբիում կայացած բանակցություններին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Առաջիկա, հնարավոր է՝ երկու-երեք շաբաթվա ընթացքում, երբ համաձայնեցվեն փոխանակման ընթացակարգի հետ կապված բոլոր հարցերը»,- «Վեստի»-ին ասել է գեներալ Զորինը։

Նրա խոսքով՝ սա կլինի ամենամասշտաբային փոխանակումներից մեկը․ յուրաքանչյուր կողմից՝ ավելի քան հազար ռազմագերի։

Ռազմագերիների լայնածավալ փոխանակումները Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունների միակ նշանակալի արդյունքն են։ Բանակցությունները տեղի են ունեցել երեքշաբթի և չորեքշաբթի՝ առաջին անգամ փետրվարից ի վեր։

Ուկրաինական կողմն ավելի վաղ հայտարարել էր նոր փոխանակման մասին, իսկ Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել էր այդ ծրագրերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment