Անջելինա Ջոլիից մինչև Անաստաաս Միկոյան․ Մեցո Իգիթյանը՝ ազդեցության արվեստի և Հայաստանի շահերի լոբբինգի մասին

«Հայաստանը փոքր երկիր է և չի կարող մրցակցել առաջատար տերությունների հետ: Ուստի պետք է հենվել նրա վրա, ինչ ունենք և ինչով հպարտանում ենք՝ գիտելիք, մշակույթ, միջազգային կապեր, անձնային գործոն, ասել է Իգիթյանը


ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը պետք է ավելի ակտիվ օգտագործի սփյուռքի հնարավորությունները, միջազգային կապերը, մշակույթը և «փափուկ ուժի» (soft power) գործիքներն՝ ազգային շահերի առաջմղման համար: Այս մասին հայտարարել է իշխանության, բիզնեսի և հասարակության փոխգործակցության ոլորտի փորձագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի դասախոս, Strategy Foundation նախագահ Մեցո Իգիթյանը Երևանում իր «Լոբբիզմ. Ազդեցության արվեստը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսի ժամանակ՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցերին:


«Հայաստանը փոքր երկիր է և չի կարող մրցակցել առաջատար տերությունների հետ: Ուստի պետք է հենվել նրա վրա, ինչ ունենք և ինչով հպարտանում ենք՝ գիտելիք, մշակույթ, միջազգային կապեր, անձնային գործոն», — ասել է նա՝ պատասխանելով արտերկրում հայկական շահերի առաջմղման հնարավորությունների մասին հարցին:


Սփյուռք, մշակույթ և «փափուկ ուժ»


Իգիթյանն ընդգծել է, որ դիվանագիտությունը և լոբբիստական գործունեությունը պետք է փոխլրացնեն միմյանց, իսկ հայկական սփյուռքի հնարավորություններն անհրաժեշտ է օգտագործել առավելագույնս արդյունավետ:


Նրա խոսքով՝ միջազգային պրակտիկայում գոյություն ունի այնպիսի ուղղություն, ինչպիսին է երկրային լոբբիզմը, երբ պետությունները պաշտոնապես ներգրավում են մասնագիտացված կառույցներ՝ իրենց քաղաքական, տնտեսական և հեղինակային շահերն առաջ մղելու համար:

Որպես օրինակներ նա բերել է Իսրայելը, Կատարը և այլ երկրներ, որոնք ակտիվորեն օգտագործում են նման մեխանիզմներ, առաջին հերթին՝ ԱՄՆ-ում:


Փորձագետը հատուկ ուշադրություն է դարձրել հարավկորեական փորձին: Նրա գնահատմամբ՝ Հարավային Կորեան կարողացել է մշակութային ինդուստրիան՝ երաժշտությունը, կինեմատոգրաֆիան, սերիալները և ազգային խոհանոցը, վերածել միջազգային ազդեցության գործիքի:


«Կորեացիները դրանով զբաղվում են շատ պրոֆեսիոնա;: Դա լրջորեն նախապատրաստվել է», — նշել է նա:


Իգիթյանը կարծու է, որ Հայաստանին ևս անհրաժեշտ է հետևողականորեն զարգացնել հանրային դիվանագիտությունը, համագործակցել միջազգային կազմակերպությունների հետ և արդյունավետ աշխատանք իրականացնել սփյուռքի հետ:


Նա պատրաստակամություն է հայտնել մասնակցելու փորձագիտական խմբի աշխատանքներին, որը կարող էր զբաղվել համապատասխան մոտեցումների մշակմամբ:


Ինչու Անջելինա Ջոլին կարող է ազդել ոչ պակաս, քան դիվանագետները


Շնորհանդեսի ընթացքում «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը հեղինակից հետաքրքրվել է, թե արդյոք հայտնի անհատները՝ դերասանները, երաժիշտները և այլ հանրային դեմքեր, այսօր կարող են ավելի մեծ ազդեցություն ունենալ միջազգային գործընթացների վրա, քան պրոֆեսիոնալ դիվանագետները և պետական պաշտոնյաները:


Իգիթյանը պատասխանել է, որ հեղինակությունը և հանրային ճանաչումն իսկապես կարող են դառնալ նշանակալից նախաձեռնությունների առաջմղման ազդեցիկ գործիքներ:


Այս թեմային է նվիրված նաև նրա գրքի մի մասը, որում դիտարկվում են հայտնի գործիչների օրինակներ, որոնք կարողացել են դուրս գալ իրենց սկզբնական մասնագիտության սահմաններից և ազդել քաղաքական ու հասարակական գործընթացների վրա:


Դրանց թվում են հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին, ով հայտնի է իր հումանիտար գործունեությամբ, դերասան և ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը, Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերը, ինչպես նաև գրող և դրամատուրգ Վացլավ Հավելը, ով գլխավորել է Չեխիան:


Ինչպես նշել է Իգիթյանը, ազդեցությունը միշտ չէ, որ կապված է պաշտոնական լիազորությունների հետ. հանրային վստահությունը, անձնական հեղինակությունը և համոզելու ունակությունը հաճախ ոչ պակաս կարևոր են:


Հայկական մշակույթի առաջմղման անձնական փորձը


Պատասխանելով «Նովոստի-Արմենիա»-ի թղթակցի երկրորդ հարցին, որը վերաբերում է Հայաստանի շահերի լոբբինգի սեփական փորձին, Իգիթյանը նշել է, որ նման գործունեությունը պարտադիր չէ, որ սահմանափակվի պաշտոնական բանակցություններով կամ քաղաքական որոշումներով:


Նրա խոսքով՝ երկրի շահերի առաջմղումը սկսվում է նաև անձնական շփումից, նրա մշակույթի ներկայացումից և նրա նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորումից:


Փորձագետը պատմել է, որ երկար տարիներ մասնակցել է մշակութային նախաձեռնությունների կազմակերպմանը, որոնք ուղղված են եղել հայկական սփյուռքի ազգային ինքնության պահպանմանը և օտարերկրյա լսարանին հայկական արվեստին ծանոթացնելուն:


«Մեզ համար կարևոր էր փորձել լուծել երկու հարց. որպեսզի սփյուռքի հայերը պահպանեն իրենց ինքնությունը, իսկ ոչ հայերը ծանոթանան հայկական մշակույթի և արվեստի լավագույն նմուշներին», — պարզաբանել է նա:


Իգիթյանը հայտնել է, որ այդ աշխատանքի շնորհիվ հաջողվել է երկարատև ընդմիջումից հետո կազմակերպել հայկական մշակույթի հայտնի ներկայացուցիչների ելույթները հեղինակավոր համերգային հարթակներում, այդ թվում՝ Կրեմլի պալատում:


Նրա գնահատմամբ՝ նման նախագծերը նույնպես «փափուկ ուժի» դրսևորում են և կարող են նպաստել երկրի շահերի առաջմղմանն՝ առանց ավանդական դիվանագիտական գործիքների օգտագործման:


Անաստաս Միկոյանից մինչև Երևանի մետրո. ազդեցության պատմական օրինակներ


Խոսելով լոբբիզմի գործնական մեխանիզմների մասին՝ Իգիթյանը հիշատակել է մի քանի պատմական դրվագներ:


Դրանցից մեկը կապված է հայազգի խորհրդային պետական գործիչ Անաստաս Միկոյանի և 1962 թվականի Կարիբյան ճգնաժամի շրջանում Ֆիդել Կաստրոյի հետ նրա բանակցությունների հետ:


Ինչպես պատմել է հեղինակը, Կուբայից խորհրդային հրթիռների դուրսբերման մասին ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո Կուբայի ղեկավարությունը դժգոհություն էր հայտնում ընդունված որոշումներից:

Միկոյանն ուղարկվել էր Կաստրոյի հետ բանակցությունների: Այդ դիվանագիտական առաքելության ընթացքում նա լուր ստացավ կնոջ մահվան մասին, սակայն, Իգիթյանի պատմելով, որոշեց չընդհատել բանակցությունները մինչև տարաձայնությունների կարգավորումը:


Փորձագետը ներկայացրել է այս դրվագը որպես օրինակ այն բանի, թե ինչպես անձնական որակները, համառությունը և էմոցիոնալ ազդեցությունը կարող են ազդել բարդ քաղաքական բանակցությունների ընթացքի վրա:


Իգիթյանի ներկայացրած ևս մեկ օրինակ վերաբերում էր Երևանի մետրոպոլիտենի կառուցման պատմությանը:


Նա հիշեցրել է, որ խորհրդային շրջանում մետրոյի կառուցումը, որպես կանոն, նախատեսվում էր միլիոնանոց քաղաքների համար, մինչդեռ համապատասխան որոշումների ընդունման փուլում Երևանի բնակչության թվաքանակը չէր հասնում մեկ միլիոնի:


Իգիթյանի պատմելով՝ նախագծի առաջմղման համար օգտագործվել են ոչ միայն տնտեսական հիմնավորումներ և փորձագիտական եզրակացություններ, այլև մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրների ցուցադրման ոչ ստանդարտ եղանակներ, երբ Մոսկվայից ժամանած պատվիրակությանը օդանավակայանից մինչև Երևանի կենտրոն տեղափոխել են մեկուկես ժամում:


Փորձագետը նման դեպքերը դիտարկում է որպես օրինակներ այն բանի, որ շահերի առաջմղումը կարող է ներառել բանակցություններ, հիմնավորումներ, հանրային աջակցություն և ոչ ստանդարտ որոշումներ:


Լոբբիզմ և կոռուպցիա. ո՞րն է սկզբունքային տարբերությունը


Ելույթի կենտրոնական թեմաներից մեկը դարձել է լոբբիզմի և կոռուպցիայի միջև տարբերությունը:


Իգիթյանը նշել է, որ հանրային ընկալման մեջ լոբբիզմը հաճախ ասոցացվում է իշխանության վրա ոչ թափանցիկ ազդեցության հետ, թեև իրականում կարող է ներկայացնել օրինական և կարգավորվող պրոֆեսիոնալ գործունեություն:


Որպես օրինակ նա բերել է ամերիկյան համակարգը, որը նախատեսում է լոբբիստների գրանցում, ներկայացվող շահերի և վարձատրության մասին տեղեկատվության բացահայտում, ինչպես նաև գործունեության որոշակի սահմանափակումներ:


Փորձագետի խոսքով՝ հենց նման մեխանիզմների բաց լինելն է թույլ տալիս տարանջատել շահերի օրինական առաջմղումը կոռուպցիոն պրակտիկաներից:


«Լոբբիզմը ստվեր կամ դավադրություն չէ: Դա գործիք է, որը կարևոր է ոչ միայն GR մասնագետների, այլև յուրաքանչյուրի համար, ով ապրում է հասարակության մեջ, ցանկանում է լսելի լինել և ազդել ապագայի վրա», — ասվում է գրքի հեղինակային նախաբանում:


Իգիթյանն ընդգծել է, որ շահերի լոբբինգը գոյություն ունի ոչ միայն մեծ քաղաքականության կամ բիզնեսի մեջ: Քաղաքացիների հավաքական դիմումը, ղեկավարությանը որոշումը փոխելու հարցում համոզելու փորձը կամ որոշակի նախաձեռնության աջակցության հանրային արշավը նույնպես կարող են դիտարկվել որպես ազդեցության մեխանիզմների դրսևորումներ:


Իր գրքի նախաբանում նա այդ մոտեցումը ձևակերպում է հետևյալ կերպ. «Ազդեցությունը արտոնություն չէ: Մասնակցության ձև է»:


Գրքի մասին


Մեցո Իգիթյանի «Լոբբիզմ. Ազդեցության արվեստը» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին Ռուս-հայկական համալսարանում:


Գիրքը նվիրված է իշխանության, բիզնեսի և հասարակության փոխգործակցության մեխանիզմներին, շահերի առաջմղման պատմությանը և ժամանակակից պրակտիկային, ինչպես նաև որոշումների ընդունման գործում բանակցությունների, հանրային վստահության, հաղորդակցությունների և անձնական հեղինակության դերին:


Հեղինակի կողմից դիտարկվող օրինակների թվում են պետական գործիչների, ձեռնարկատերերի, մշակույթի ներկայացուցիչների և հանրային առաջնորդների գործունեությունը, որոնց հաջողվել է ազդել կարևոր քաղաքական և սոցիալական գործընթացների վրա:


Հեղինակի մտահղացմամբ՝ գիրքը կոչված է ցույց տալու, որ լոբբիզմը պարտադիր չէ, որ ներկայացնի ետնաբեմային ազդեցություն իշխանության վրա, այն հասարակական կյանքին քաղաքակիրթ մասնակցության գործիքների համախումբ է:

Leave a comment