Քաղաքականություն
11.11.2026 | 16:56
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկատվություն ստացել է Աբու Դաբիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքի մասին։ Նա այդ թեմային անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ զրույցի ընթացքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, նախագահին տեղեկացնում են։ Անշուշտ, Լուկաշենկոյի հետ զրույցում բանակցությունների թեման այս կամ այն կերպ քննարկվել է»,- ասել է Պեսկովը։
Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել Մոսկվայի մարզում գտնվող Նովո-Օգարյովո նստավայրում։ Հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են համագործակցության հարցերը։ Բանակցությունները տևել են գրեթե չորս ժամ։
Պեսկովը նաև հայտարարել է, որ Աբու Դաբիում Ռուսաստանի պատվիրակության և այնտեղ գտնվող Եվրամիության ներկայացուցիչների միջև շփումներ չեն եղել։
«Ո՛չ, նման շփումներ նախատեսված չեն եղել, դրանք չեն դիտարկվել և տեղի չեն ունեցել»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ ասել է Պեսկովը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով կարգավորման շուրջ եռակողմ բանակցություններն ավարտվել են։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի