Քրեակատարողական ծառայությունը հրապարակել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվանը նախորդած իրադարձությունների ժամանակագրությունը՝ «հաշվի առնելով հանրային շրջանակներում քննարկումները, ինչպես նաև անհարկի շահարկումները բացառելու նպատակով»:
Ներկայացվել է արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորված Արսեն Գևորգյանի խցի մոտ տեղադրված տեսախցիկների միջոցով 2026 թվականի նոյեմբերի 10-ի առավոտյան արձանագրված իրադարձությունների վերաբերյալ տվյալները:
«1. Ժամը 07:37-ին ծառայողը մոտենում է համապատասխան խցին և զրուցում այնտեղ գտնվող անձի հետ մինչև ժամը 07:38-ը։
2. Ժամը 07:40-ին ծառայողը ևս մեկ անգամ մոտենում է խցին և զրուցում մինչև ժամը 07:41-ը։
3. Ժամը 07:42-ին բուժքույրը մոտենում է խցին։
4.Ժամը 07:43-ին ծառայողը բացում է խուցը, և բուժքույրը մուտք է գործում ներս։
5. Ժամը 07:45-ին բուժքույրը դուրս է գալիս խցից շտապօգնություն կանչելու գործընթացը կազմակերպելու նպատակով։
6. Ժամը 07:51-ին ծառայողը ևս մեկ անգամ բացում է խուցը, և բուժքույրը գտնվում է այնտեղ մինչև ժամը 07:58-ը։
7․Ժամը 08:10-ին շտապօգնության աշխատակիցները մոտենում են քրեակատարողական հիմնարկին։
8.Ժամը 08:13-ին շտապօգնության աշխատակիցները մուտք են գործում համապատասխան խուց։
9.Ժամը 08:23-ին անձին խցից դուրս են բերում պատգարակով։
10.Ժամը 08:27-ից մինչև 08:33-ը քրեակատարողական հիմնարկի միջանցքում պատգարակի վրա գտնվող անձին միացնում են էլեկտրասրտագրության սարքին, որի ընթացքում շտապօգնության բժշկի կողմից արձանագրվում է անձի կենսաբանական մահը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Արսեն Գևորգյանն առաջադրվել էր որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Ստեփանավան համայնքի ղեկավարի ընտրություններում։ Նրա նկատմամբ ընտրակաշառք տալու մեղադրանքով կիրառվել էր կալանքը որպես խափանման միջոց։ Գևորգյանը չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը գնահատել էր որպես «քաղաքական դրդապատճառներով պայմանավորված գործընթաց»։
Գևորգյանի մահվան փաստով արդեն քրեական վարույթ է նախաձեռնվել։ Միաժամանակ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան հանգամանքները պարզելու նպատակով։
Նոյեմբերի 10-ին քրեակատարողական հիմնարկում սրտամկանի ինֆարկտի հետևանքով մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Վերջինս ընտրություններից առաջ կալանավորվել էր երկու ամիս ժամկետով։