«Մենք թույլ չենք տալու, որ մեր ընկերոջ, թիմակցի՝ Արսեն Գևորգյանի մահը դառնա հերթական մոռացված դրվագը»,- Հայաստանում ԵՄ ներկայացուցչության գրասենյակի դիմաց կազմակերպված «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» պահանջով ցույցի ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։
Նրա ձևակերպմամբ՝ մեր երկրում կալանքը մահաբեր է դարձել, քաղաքական հայացքներով պայմանավորված՝ մարդկանց նկատմամբ կիրառում են ամենածանր խափանման միջոցը և այդպիսով պատժում ընդդիմադիրներին։ Մելոյանի խոսքով՝ իշխանությունները, սակայն, չեն սահմանափակվում միայն կալանքով, այդ գործողությունները զուգորդվում են նաև մարդու պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավն արատավորող գործողություններով, այդ նպատակով իշխանությունները գործի են դնում իրենց ֆեյքերին, արբանյակ ուժերին, միանում են նաև բարձրաստիճան պաշտոնյաները։
«Մենք այստեղ ենք, որպեսզի Արսեն Գեւորգյանի՝ ապօրինի միջամտությունների հետևանքով վրա հասած մահը չդարձնեն հերթական դրվագը և մոռացության մատնեն։ Ես տասնամյակներով տեսել եմ այն ազնվությունը, որով եվրոպական կառույցները պայքարում են իրենց հռչակած արժեքների համար, և հավատացել եմ դրան, բայց այս ընտրովի մեկնաբանությունները և արձագանքները տասնամյակներով ձեռք բերած հեղինակությունը՝ քաղաքացիական հասարակության, հայ ժողովրդի համար, այդ արժեքները հարվածի տակ են դնում եւ հեղինակազրկում են»,- ընդգծեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամը։ Նա կոչ արեց հանրությանը չլինել անտարբեր: Ապա ԵՄ ներկայացուցչությանն ուղղված նույն կոչն ընթերցեց անգլերեն:
Ցույցն ամբողջությամբ
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: