Շատ դրական հանդիպում ունեցանք, ամենայն մանրամասնությամբ կիսվեցինք մեր մտահոգություններով։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11–ին, Հայաստանում ԵՄ գրասենյակի շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ հանդիպումից հետո։
«Բացի նրանից, որ նամակը հանձնեցինք, հնարավորություն ունեցանք շատ մանրամասն քննարկում ունենալ բոլոր մեր մտահոգիչ հարցերի շուրջ։ Պարոն դեսպանը կատարեց բավականին շատ նշումներ, խոստացավ լուրջ ձևով արձագանքել ստեղծված իրավիճակին ու մեր մտահոգություններին։
Համապատասխան մոնիթորինգ կիրականացնեն մեր բարձրացրած հարցերի շուրջ, կանեն իրենց ուսումնասիրությունն ու հնարավորինս արագ հրապարակային արձագանք կներկայացնեն մեր մտահոգություններին»,-մանրամասնել է Հարություն Հարությունյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 10–ի առավոտյան քրեակատարողական հիմնարկում մահացել է Արսեն Գևորգյանը: Նախնական տվյալներով՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 21-ին Հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով կալանավորել էր Ստեփանավան համայնքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետի թեկնածուին մեղադրում էր խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու համար:
Արսեն Գևորգյանը 46 տարեկան էր։