Եվրամիության պատվիրակության գրասենյակի դիմաց անցկացվող ակցիայի ընթացքում ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը Factor TV-ի հետ զրույցում հայտարարեց, որ վերջին տարիներին Հայաստանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ ԵՄ-ի արձագանքը փոխվել է։ Նրա խոսքով՝ նախկինում ԵՄ դեսպանությունը հետևողականորեն բարձրաձայնում էր մարդու իրավունքների նույնիսկ առերևույթ խախտումները, մինչդեռ այժմ նման դեպքերին համարժեք արձագանք չի տրվում։
Անդրադառնալով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Արսեն Գևորգյանի մահվան դեպքին՝ Վարդևանյանը նշեց, որ անկախ քաղաքական հայացքներից ակնհայտ է կալանքի անհամաչափությունը։ Նրա խոսքով՝ Գևորգյանի նկատմամբ երկու ամսով կալանք էր կիրառվել, սակայն նախաքննությունն ավարտվել էր ընդամենը 15 օրում։
«Ակնհայտ է, որ կալանքը այստեղ եղել է անհամաչափ։ Ակնհայտ է, որ քաղաքական բաղադրիչ է ունեցել»,- պնդեց նա։
Վարդևանյանի խոսքով՝ հարցեր են առաջանում նաև կալանավորի առողջական վիճակի վատթարացման և նրան ցուցաբերված բժշկական օգնության վերաբերյալ։ Ըստ Քրեակատարողական ծառայության հայտարարության՝ Ժամը 07։55-ի սահմաններում կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է Արսեն Գևորգյանի կենսաբանական մահը։
Վարդևանյանն ընդգծեց, որ Գևորգյանը բժշկի կողմից չի զննվել, առաջին օգնությունը ցուցաբերել է բուժակը։
«Բժիշկ չպետք է լինի՞: Բոլոր քրեակատարողական հիմնարկներում այս վիճակն է: Բոլո՛ր: Բժշկական որևէ պատշաճ մեխանիզմ, անձնակազմ չկա»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Նա նշեց, որ իր տեղեկություններով՝ Գևորգյանը վերջին օրերին առողջական գանգատներ է ունեցել, իսկ մահվան օրը՝ վաղ առավոտյան, բողոքել է ինքնազգացողությունից։ Նրա խոսքով՝ այդ պահին պետք է անհապաղ շտապօգնություն կանչվեր։
Անդրադառնալով արդարադատության նախարարի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պայմանների բարելավման մասին հայտարարություններին՝ Վարդևանյանը հարց բարձրացրեց, թե ինչպես կարելի է բարելավում համարել այն իրավիճակը, երբ սրտի ցավերից գանգատվող կալանավորին առաջինը զննում է բուժակը, իսկ բժիշկ հասանելի չէ։
Նրա խոսքով՝ քրեակատարողական հիմնարկում մարդու մահը չի կարող դիտարկվել պարզապես որպես վիճակագրություն։ Վարդևանյանը պատասխանատվության մի քանի շերտ առանձնացրեց՝ քաղաքական իշխանություն, դատախազություն, դատաիրավական համակարգ և քրեակատարողական հիմնարկ։
«Արսեն Գևորգյանի մահվան թիվ մեկ պատասխանատուն և թիվ մեկ մեղավորը քաղաքական իշխանությունն է»,-ասաց Վարդևանյանը։
ԱԺ փոխնախագահը կասկածի տակ դրեց Արսեն Գևորգյանի կալանքի հարցը քննած դատավոր Արամ Գրիգորյանի անաչառության վերաբերյալ հարցերը։
Վարդևանյանը, անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանի՝ Արսեն Գևորգյանի մահը քաղաքական շահարկումների առարկա չդարձնելու կոչին, հրաժարվեց մեկնաբանել նրա խոսքերը՝ փոխարենը պնդելով, որ տեղի ունեցածի հանգամանքները պահանջում են պատասխաններ և պատասխանատվության հստակեցում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան