«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները պահանջում են պատասխանատու պաշտոնյաների հրաժարականները՝ կալանավայրում գտնվող Արսեն Գևորգյանի մահվան համար։ Համանուն խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանի խոսքով՝ տեղի ունեցած ողբերգությունը պատշաճ բուժօգնության բացակայության հետևանք է։
Եվրամիության պատվիրակության դիմաց լրագրողների հետ զրույցում Հարությունյանն ընդգծեց, որ ակցիան ուղղված չէ ԵՄ պատվիրակության կամ դեսպան Վասիլիս Մարագոսի դեմ։ Ըստ նրա՝ նպատակն է լրացուցիչ ուշադրություն հրավիրել կալանավայրում Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։ Հարությունյանը նշեց, որ դեսպանը տեղեկացված է տեղի ունեցածի և իրենց ակնկալիքների մասին։
Ընդդիմադիր պաըգամավորը պնդեց, որ քրեակատարողական հիմնարկները լցված են քաղաքական բանտարկյալներով, իսկ ընդդիմադիրների նկատմամբ կիրառվում է ընտրովի արդարադատություն։ Որպես օրինակ՝ նա հիշատակեց ԵԽԽՎ վերջին զեկույցը։
Հարությունյանը նաև քննադատեց Հայաստանի դատական և իրավապահ համակարգերի՝ կալանքը որպես խափանման միջոց լայնորեն կիրառելու գործելակերպը։
«Կալանքը պատիժ չի՛, խափանման միջոց է, այնինչ մեր դատական համակարգը, իրավապահ մարմինները, չգիտես ինչու, ցանկացած տիպի ենթադրյալ հանցագործության առկայության դեպքում գնում են ամենածանր խափանման միջոցին՝ կալանքին, ու դա նույնացնելով պատժի հետ»,- ասաց նա։
Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում պահման պայմաններին՝ Հարությունյանը նշեց, որ իր գործընկերները բազմիցս ահազանգել են բուժկետերի և բուժօգնության կազմակերպման խնդիրների մասին, սակայն դրանց լուծման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել։
Նրա խոսքով՝ մտահոգիչ է նաև այն, որ արդարադատության ոլորտի բարեփոխումների համար եվրոպական կառույցները զգալի ֆինանսավորում են տրամադրում, մինչդեռ քրեակատարողական հիմնարկներում շարունակում են պատշաճ բուժսպասարկման խնդիրներ լինել։
«Մարդու վատանալու դեպքում, փոխանակ հրատապ կարգով բժիշկ մոտենա, բուժակ է մոտենում, ու քանի այս իրավիճակը չի կարգավորվել, նման դեպքերը, ցավոք, լինելու են շարունակական»,- հայտարարեց Հարությունյանը։
Նա ասաց, որ Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների և քրեակատարողական հիմնարկում առկա խնդիրների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կներկայացնեն եվրոպացի գործընկերներին՝ ինչպես նամակով, այնպես էլ անձնական հաղորդակցության միջոցով։
Նրա գնահատմամբ՝ Գևորգյանի մահից հետո պատասխանատու պաշտոնյաները պետք է հրաժարական տան։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան