Սեյրան Օհանյանից եւ մյուսներից գումար են պահանջում

Քաղաքականություն

Սեյրան Օհանյանից եւ մյուսներից գումար են պահանջում

Պաշտպանության նախկին նախարար, ներկայումս ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանից եւ եւս 9 անձանցից ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը պահանջում է որպես պետությանը պատճառված վնասի հատուցում համապարտությամբ բռնագանձել 8 մլն 500 000 դրամ գումար:

Հայցի առարկան Պատասխանողների՝ ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող բնակարանների սեփականաշնորհման գործընթացում ենթադրաբար թույլ տված ոչ օրինաչափ գործողությունների արդյունքում պետությանը պատճառված վնասի հատուցման՝ 8 500 000 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջն է։

Հայցադիմումը մակագրվել է Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի դատավոր Լիլի Դրմեյանին:Նա որոշել է հայցի ապահովման միջոց կիրառել եւ համապարտության կարգով Սեյրան Օհանյանի եւ մյուս անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքների վրա արգելանք դնել:

Դատավորը նաեւ նախնական դատական նիստ է նշանակել մարտի 10-ին՝ ժամը 10-ին: Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում Սեյրան Օհանյանի մասով եւս երկու գործ է քննվում: Գլխավոր դատախազությունը պատասխանողներ Սեյրան Օհանյանից, Ռոբերտ Քոչարյանից, Յուրի Խաչատուրովից եւ Արմեն Գեւորգյանից պահանջում են համապարտության կարգով բռնագանձել պետությանը և Հայաստանի Հանրապետության կողմից հատուցված 670 մլն դրամ վնասը: Մյուս գործով էլ որով անցնում են Սեյրան Օհանյանը, կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը եւ եւս երկու անձինք, պահանջվում է բռնագանձել Երեւան քաղաքում գտնվող 2 հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է 1.092.538.513 ՀՀ դրամ։

Leave a comment