Հոնկոնգում IPO-ների ծավալը տարեսկզբից հասել է վերջին վեց տարվա առավելագույն մակարդակին

Հոնկոնգում 2026 թվականի սկզբից ի վեր բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումների (IPO) ծավալը հասել է վերջին վեց տարվա առավելագույն ցուցանիշին և տարվա արդյունքներով կարող է ռեկորդային դառնալ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Գործակալության հաշվարկներով՝ 2026 թվականի սկզբից Հոնկոնգում IPO-ների միջոցով ընկերությունները ներգրավել են 51.9 մլրդ դոլար։ Սա ամենաբարձր ցուցանիշն է` 2020 թվականից ի վեր, երբ IPO-ների ընդհանուր ծավալը կազմել էր 51.6 մլրդ դոլար։

Հոնկոնգում առաջնային տեղաբաշխումների տարեկան ծավալի ռեկորդը, որը սահմանվել է 2010 թվականին և կազմել 57.8 մլրդ դոլար, դեռևս հասանելի է։

Ընթացիկ տարում տասը ընկերություն իրականացրել է ավելի քան 1 մլրդ դոլարի IPO, այդ թվում՝ Zhongji Innolight-ը և Luxshare Precision Industry-ն։ Համեմատության համար նշենք, որ 2010 թվականին նման տեղաբաշխումները ընդամենը յոթն էին։ Այդ տարվա ռեկորդային գործարքներից էր AIA Group ապահովագրական ընկերության IPO-ն՝ 20.4 մլրդ դոլար ծավալով, որn ապահովել էր բոլոր տեղաբաշխումներից ստացված միջոցների ավելի քան մեկ երրորդը։

Ընթացիկ տարում Հոնկոնգում տեղաբաշխումների զգալի մասը բաժին է ընկնում արհեստական բանականության և հարակից ոլորտներում գործող չինական ընկերություններին։ Սակայն վերջին շրջանում ներդրողներն ավելի զգուշավոր են դարձել այս ոլորտների ներկայացուցիչների նկատմամբ։

Որոշ ընկերություններ իրենց բաժնետոմսերի տեղաբաշխման ծրագրերը հետաձգել են մինչև հաջորդ տարի։ Այսպես, օրինակ, Baidu Inc.-ի Kunlunxin ստորաբաժանումը, որը մասնագիտացած է արհեստական բանականության չիպերի արտադրության մեջ և դեռևս հունվարին IPO իրականացնելու հայտ էր ներկայացրել Հոնկոնգում, այժմ նախատեսում է բաժնետոմսերը հրապարակային տեղաբաշխել միայն 2027 թվականին, հայտնում են Bloomberg-ի աղբյուրները։

Բացի այդ, Alibaba Group Holding-ը պատրաստվում է IPO-ի միջոցով բորսա դուրս բերել T-Head ստորաբաժանումը, որը զբաղվում է չիպերի արտադրությամբ։

Leave a comment